Իրավախախտ անչափահասները պաշտպանության կարիք ունեն

«Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, նախատեսվում է ուսումնասիրել անչափահաս իրավախախտներին առնչվող օրենսդրությունը և առաջարկություններ ներկայացնել դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:

«Նման օրենք ու օրենսդրություն ունենալը շարունական ու տևական քննարկումներ կպահանջի, սակայն, հիմնվելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի վերջին հետազոտության, ինչպես նաև' ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի նախորդ և մոտ ապագայում սպասվող հանձնարարականների վրա՝ հուսով ենք որոշակի առաջընթաց ունենալ այդ հարցում»,- հայտնում է ծրագրի համակարգող Հայկ Խեմչյանը:

Ծրագիրն իրականացվում է «Միջազգային բանտային բարեփոխումներ» (Penal Reform Iinternational (PRI)) միջազգային հասարակական կազմակերպության կողմից։ PRI-ը 1999 թվականից գործում է նաև Հայաստանում' քրեակատարողական ոլորտի բարեփոխումների ասպարեզում:  Ծրագրի գործընկերներն են' «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) և Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը (ԵԱԿ):

Ծրագրի 3 տարիների ընթացքում պատրաստվում են հիմնականում բարձրացնել երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկությունը քրեական արդարադատության ոլորտում և նպաստել օրենսդրական բարեփոխումներին: Ծրագիրը նախատեսում է  ամրապնդել քաղաքացիական հասարակության դերն անչափահասների գործերով արդարադատության բնագավառում, մատուցել վերականգնողական ծառայություններ և նպաստել Հայաստանում գործող վերականգնողական կենտրոնների գործնական մոդելի ամրապնդմանը:

Հ. Խեմչյանը հատկապես կարևորեց ոլորտում գործող միջազգային եւ տեղական կազմակերպությունների ու պետական գերատեսչությունների համագործակցությունը և գործողությունների համակարգումը՝ հանցանք, ոչ ծանր իրավախախտում կատարած կամ դրանց կատարման մեջ մեղադրվող անձանց գործերի լուծման արտադատական մեխանիզմների կայացմանն օժանդակելու հարցերում։

«Օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկ արդեն իսկ արվել է ՀՀ Ազգային ժողովին, որ նաև գործնական մարկարդակում բարելավվեն աշխատանքները»,- հայտնում է PRI հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ցիրա Չանտուրիան:

«Վերջին երեք տարիներին Եվրոպական միությունը Հայաստանին մոտ 7 միլիոն եվրո է հատկացրել երեխաների խնամքի համար, և 2011թ-ին ևս 2 միլիոն եվրոյի բյուջետային օժանդակություն է տրամադրվելու»,- հայտնեց Եվրոպական միության պատվիրակության անդամ Ժան Քրիստոֆ Գեյրանը։

«Եվրոպական միության պատվիրակությունն այսօր նախաձեռնում է անչափահասների գործով արդարության իրականացման հայեցակարգերի առաջքաշման ծրագիր, որով կբարձրացվի իրազեկությունը ու կկատարվեն օրենսդրական բարեփոխումներ, կամրապնդվի քաղաքացիական հասարակության դերը անչափահասների գործերով արդարադատության բնագավառում»,- հայտնում է Գեյրանը:

Հայ օգնության ֆոնդի ԵԱԿ-ի ներկայացուցիչ Մանանե Պետրոսյանը նշեց, որ այս ծրագրի շրջանակներում պատրաստվում են հիմնել վերականգնողական 2 կենտրոն, որտեղ բազմամասնագիտական թիմ կաշխատի, այդ թվում' սոցիալական աշխատողներ։ Կենտրոնները կաշխատեն 14-18 տարեկան այն երեխաների հետ, ովքեր օրենքի հետ խնդիրներ ունեն կամ վարքային խնդիրների պատճառով դասվել են դժվար դաստիարակվող երեխաների թվին։

«Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am