Տիգրան Փոստանջյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժվեց

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը' Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մայիսի 20-ին մերժեց Տիգրան Փոստանջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը' նախնական կալանքը, վերացնելու և նրան գրավով ազատելու միջնորդությունը:

Մեղադրյալի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ Փոստանջյանը ընտանիքի միակ կերակրողն է և նրա խնամքին են մանկահասակ երեխաները և կինը: Իսկ Տիգրան Փոստանջյանը հավելեց, որ ինքը երբևէ չի խոչընդոտել գործի քննությանը, չի փորձել ազդել վկաների վրա և չի խուսափել դատարան ներկայանալուց: Դատախազը միջնորդությունը համարեց մերժման ենթակա:

Մերժումը դատավորը պատճառաբանեց ամբաստանյալին վերագրվող արարքի բնույթով, ինչը մեծացնում է հավանականությունը, որ նա կարող է խուսափել դատարան ներկայանալուց:

Որոշման տակ Տիգրան Փոստանջյանը հրաժարվեց ստորագրել, իսկ նրա պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դատարանը կոպտորեն խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթները:

«Եթե միակ պատճառը վերագրվող արարքի ծանրությունն է, ապա անձը պետք է ազատվի, եթե ի վիճակի է տրամադրել համարժեք դրամական երաշխիք»,- նշեց Ալումյանը' հավելելով, որ իր պաշտպանյալը մինչ օրս անորոշ ժամկետով է պահվում կալանքի տակ, որը նույնպես կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտում է:

Դատավարությունը շարունակվեց և հարցաքննվեցին դատակոչված վկաներից երեքը։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրայր Անտոնյանն իր ցուցմունքում նշեց, որ Կոմիտաս 23/1 հասցեում ապօրինի շինարարություն է տեղի ունեցել, ինքն ուղարկել է տեսուչներին շինարարությունը դադարեցնելու: Վերջիններս, Անտոնյանի խոսքերով, պարզել են, որ Տիգրան Փոստանջյանը տեղյակ է եղել այդ մասին, ինչ-որ գումար է վերցրել արձանագրություն չկազմելու և ապօրինի շինարարության վրա աչք փակելու համար: «Կարող է սխալվեմ, բայց եթե չեմ սխալվում, 100.000 դրամ»,- գումարի չափը հազիվ մտաբերեց վկան: Այնինչ, կոմունալ բաժնի աշխատակիցներից մի քանիսը իրենց ցուցմունքներում նշել են, որ ընդհանուր ժողովի ժամանակ բաժնի պետը Փոստանջյանին մեղադրել է 100.000 դրամ վերցնելու մեջ:

Փաստաբան Հայկ Ալումյանը Անտոնյանին հարցրեց, արդյո՞ք կարող էր կոմունալ բաժնի մեկ աշխատակիցը, ելնելով անձնական շահագրգռվածությունից, այնպես անել, որ այդ ապօրինի շինարարության մասին չիմանան իրավասու մարմինները'  Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժինը, Քաղաքաշինության նախարարության համապատասխան տեսչությունը, Ոստիկանությունը և վարչական շրջանի կոմունալ բաժնի մյուս աշխատակիցները: Վկան պատասխանեց, որ եթե ապօրինի շինությունը աննկատ տեղում լինի՝ հնարավոր է:

«Իսկ եթե արդեն հայտնաբերել են, բոլորն արդեն գիտեն այդ շինության մասին, աշխատակիցը կարո՞ղ էր այնպես անել, որ ոչ ոք մոտ չգնա այդ կառույցին' մինչև այն ավարտին հասցվի»,- պաշտպանի այս հարցին Անտոնյանը պատասխաեց' ոչ:

Բաժնի նախկին պետը պատասխան չուներ այն հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ հայտանաբերելուց հետո շինարարությունը հասցվեց ավարտին: Փոխարենը նա ուներ «ալիբի», որ Տիգրան Փոստանջյանին անձամբ հանձնարարել է արձանագրություն կազմել, որից հետո  առողջական խնդիրների պատճառով ամռանը 40 օր բացակայել է աշխատանքից և իրեն փոխարինել է իր տեղակալ Վահե Երիցյանը: Իսկ դրանից հետո շինությունը հասցվել է ավարտին և անցել է վարչական արձանագրություն կազմելու վաղեմության ժամկետը' 2-3 ամիս: Անտոնյանը դժվարացավ հիշել, թե կոնկրետ երբ է անցել բուժման կուրս, սակայն խոստացավ, որ դատարանին կներկայացնի համապատասխան տեղեկանք:

Հարցաքննված մյուս վկաները կրկնեցին մոտավորապես նույնը. 100.000 դրամ տուգանքի մասին իմացել են սեպտեմբեր ամսին հրավիրված հերթական ժողովներից մեկի ժամանակ և Փոստանջյանը ընդունել է, որ ինքը գումար է վերցրել: Նրանք նույնպես չկարողացան բացատրել այն հանգամանքը, թե ինչպես է եղել, որ ապօրինի կցակառույցը հայտնաբերվելուց հետո ավարտուն տեսքի է բերվել, և ոչ մի միջոց չի կիրառվել Կոմիտաս 23/1 հասցեի սեփականտիրոջ նկատմամբ:

Նշենք, որ դատավարությունը մտել է ապացույցների հետազոտման փուլ: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 24-ին` ժամը 13-ին:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am