ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վերաքննիչ դատարանը մերժեց Մարիամ Սուխուդյանի բողոքը

ՀՀ Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան) մայիսի 20-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի որոշումը և մերժել Մարիամ Սուխուդյանի բողոքը։
«Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բարոյական վնասի հատուցման ինստիտուտը տվյալ դեպքում չէր կարող կիրառվել Դատարանի կողմից, քանի դեռ առկա չէ դրա սահմանումը, կարգավորումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ»,- գրված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանն անցյալ տարի հայց էր ներկայացրել ՀՀ ոստիկանության դեմ' պահանջելով 1 մլն դրամ որպես բարոյական վնասի փոխհատուցում, քանի որ ոստիկանությունը, ի դեմս' ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայադ Շիրինյանի, խախտել է իր անմեղության կանխավարկածըի իրավունքը:
2011թ. Փետրվարի 7-ին ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Հայաստանում բարոյական փոխհատուցման ինստիտուտի բացակայությունը պատճառաբանելով, կարճեց քաղաքացիական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայցը: Ինչին հետևեց վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանը գտավ, որ վերաքննիչ բողոքն անհիմն է և մերժման ենթակա, իսկ բողոքարկվող դատական ակտն օրինական է և հիմնավորված, ուստի և այն պետք է թողնել օրինական ուժի մեջ։
«Բարոյական վնասի, որպես վնասի տարատեսակի, հատուցումը ևս պատասխանատվության առանձին տեսակ է, որը նույնպես պարտադիր պետք է սահմանված լինի օրենքով։
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»,-պարզաբանում է Վերաքննիչ դատարնի որոշումը։
Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը, բայց որոշեց Մարիամ Սուխուդյանի կողմից վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքը' 30000 դրամի չափով վերադարձնել։
«Մեր նպատակն է անցնել բոլոր ատյանները Հայաստանում և դիմել Եվրադատարան»,- ասում է Մարիամ Սուխուդյանը։
Աղբյուրը՝ www.hra.am
