ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կա պետություն, որը պարտավոր է ապահովել և երաշխավորել իրավունքները
Մայիսի 27-ին Երևանում անցկացվեց միջազգային համաժողով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման ընթացքի վերաբերյալ' ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված իրավիճակի վերլուծության համատեքստում: Զեկույցում ներկայացված են ՀՀ փաստաբանների պալատի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները, որին աջակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վերաբերյալ այս առաջին ուսումնասիրությունը շատ կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների վերաբերյալ անհատական դեպքերի տեսանկյունից, այլ նաև Հայաստանի իրավական զարգացման համատեքստում»,-նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան:
Զեկույցը պարունակում է առանձին գործերի հստակ նկարագրումը և դատարանի վճիռները կատարելու վերաբերյալ առաջարկությունները:
«Մեր աշխատանքի վերջնական արդյունքը մարդն է. կա պետություն, որը պարտավոր է ապահովել և երաշխավորել իրավունքները: ՄԻԵԴ-ը կարող է իր առաքելությունը արդյունավետ իրականացնել մի դեպքում, երբ ազգային համակարգերը արդյունավետ են գործում: Եթե առկա է գոնե մեկ խախտում, դա արդեն ահազանգ է, որ կան խնդիրներին, որոնց պետք է անդրադառնալ»,- ասել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Մոնիթորինգի շրջանակներում փորձ է արվել ուսումնասիրել Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակն ու ընթացքը, ստուգել ներպետական ատյանների ակտերի վերանայման ընթացակարգերի համապատասխանությունը Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի դրույթներին, հայտնաբերել օրենսդրական ու կազմակերպական թերությունները և մշակել դրանց բարելավման համար անհրաժեշտ առաջարկությունները: Ուսումնասիրությունը ընդգրկում է մինչև 2010 թ. դեկտեմբեր ՄԻԵԴ կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռները (25 վճիռ):
Ինչպես նշել է հեղինակային խմբի անդամ, փորձագետ Արտակ Զեյնալյանը. «Մեկ հրատարակության մեջ ներառել ենք Հայաստանի մասնակցությամբ ՄԻԵԴ կողմից կայացված բոլոր վճիռների հիմքում ընկած փաստերի համառոտ շարադրանքը, Եվրոպական դատարանի որոշումները, ԵԽ Նախարարների կոմիտեում տվյալ գործով վճռի կատարման վերահսկողության վարույթի ընթացքը: Մոնիթորինգի արդյունքում բացահայտված վճիռների կատարման ոչ բավարար վիճակը անհրաժեշտություն է առաջացնում իրականացնել օրենսդրական շարունակական կատարելագործում, կրթական ծրագրեր, բացահայտել և վերացնել պատճառները, որոնք խոչընդոտում են ՄԻԵԴ որոշումների լիարժեք կատարումը»։
Միջոցառումը կազմակերպել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ փաստաբանների պալատը' Եվրոպայի խորհրդի և ՀՀ Սահմանադրական դատարանի համագործակցությամբ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
