ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Առաջին հանրահավաքը համաներումից հետո (վիդեո)
Մայիսի 31-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը։ Ընդդիմության առաջնորդները նորից հայտարարեցին, որ պահանջում են արտահերթ ընտրություններ: Այս հանրահավաքն առաջինն էր համաներումից հետո, երբ ազատ արձակվեցին ընդդիմության առաջնորդների խոսքով՝ քաղբանտարկյալները, իսկ միջազգային կառույցների կողմից արդեն որպես «խղճի հալածյալներ» ձևակերպում ստացած ընդդիմության ներկայացուցիչները։
ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ իշխանության հետ համագործակցելու մասին տարածվող լուրերը սուտ են, եւ որ իրենք ոչ մի համագործակցության էլ չեն գնացել։ Նա հույս հայտնեց, որ բազմաթիվ կլինեն հանրահավաք-հանդիպումները եւ դրանք չեն ուշանա, քանի որ «իրադարձությունները զարգանում են սրընթաց կերպով»։
«Հայաստանում ստեղծված է նոր քաղաքական իրավիճակ, որը հնարավորություն է տալիս թեկուզ ամենասուր խնդիրները լուծել օրինական ճանապարհով։ Մենք պատեհություն ունենք աշխարհին ապացուցելու, որ հիրավի պետականության դարավոր ավանդույթներ ունեցող քաղաքակիրթ ժողովուրդ ենք։ Եւ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ հասարակությունը իրավունք չունի կորցնելու այդ պատեհությունը»,- իր ելույթը եզրափակեց նա։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am
