ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հողի կարգավիճակի փորձաքննություն չի անցկացվի
Դատարանը մերժեց արտավազդցիների հողերի կարգավիճակը որոշելու համար փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը։ Փաստաբանների կարծիքով՝ մերժման որոշումն անհիմն է:
Կոտայքի մարզի Արտավազդ գյուղի 10 ընտանիքներ համաձայն չեն ՀՀ կառավարության 2010թ-ի փետրվարին ընդունած որոշման հետ, ըստ որի՝ գյուղացիներից վերցնում են նրանց սեփականությունը հանդիսացող 96 հա հողատարածքը՝ դրա տեղում հանքային ջրերի գործարան կառուցելու համար, որի սեփականատերը «Էլ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ն է:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն այդ հողերը ճանաչվել են որպես բացառիկ գերակա հանրային շահ ներկայացնող տարածք, և վաճառվել են «Էլ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ին։ Ընկերությանտնօրենը Արամ Աբրահամյանն է՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը, իսկ սեփականատերը, գյուղացիների համոզմամբ, Արաբական Միացյալ էմիրություններից Մուհամմեդ Մուսալլամն է։
Հողատարածքից զրկվող ընտանիքները մոտ 90-ն են, որոնցից միայն 10-ը այսօր չեն համաձայնվում ընդունել փոխհատուցումը և հանձնել հողերը: Նրանք բողոքարկում են ՀՀ կառավարության որոշումը, որով հողերը ճանաչվել էին որպես բացառիկ գերակա հանրային շահ ներկայացնող տարածք։
«Փաստացի հողի գնահատում տեղի չի ունեցել։ Նրանք ունեն միայն սովորական տեղեկանք, որը չի կարող հիմք ծառայել հողի գնահատման համար։ Մենք դիմեցինք Կադաստրի պետական կոմիտե, որտեղ մեզ հայտնեցին, որ տեղեկանքը շուկայական գինը գնահատելու համար որևէ տեսակի ապացույց չէ, և չի կարող դրվել գնի որոշման հիմքում։ Այդ ապացույցը ևս ներկայացվել է դատարան, բայց չի ընդունվել»,- ասում է գյուղացիների շահերը ներկայացնող փաստաբան Մարիամ Ղուլյանը:
Բացի այդ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ կառավարության որոշման մեջ նշված են մեկական սեփականատերերի անուններ, այն դեպքում, երբ ամեն հողակտոր ունի փաստացի մի քանի տեր:
Հունիսի 9–ին դատարանը կհրապարակի վճիռը։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am
