«Լակոտ» բառը հասցնում է 200 հազար դրամի վիրավորանք

Հունիսի 8-ին  դատավոր Ռուբեն Ափինյանը մասնակի բավարարեց  ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Երկիր» օրաթերթի։ Դատարանը օրաթերթին պարտավորեցրեց վճարել 200 հազար դրամ տուգանք' օրաթերթում տպագրված, անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող «լակոտ» բառի համար, 80 հազար դրամ' փաստաբանական ծախսերի համար, 8 հազար դրամ' պետտուրք, ինչպես նաև օրաթերթում հրապարակել վճռի եզրափակիչ մասը: Հայցը մնացած մասով մերժեց:

Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը դատի էր տվել «Երկիր» օրաթերթին' իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ հրապարակելու համար: Տիգրան Արզաքանցյանը «զրպարտություն» էր որակել «Երկիր»-ի հոդվածում արված պնդումները, թե նա «ռուս գեղեցկուհիներ է Հայաստան տանում-բերում», «կազինոների մշտական հաճախորդ է», «ծեծ ուտելու սովորություն ունի» և «անցնող նստաշրջանի ընթացքում ընդամենը մեկ անգամ է երևացել Ազգային ժողովի միջանցքներում»:

Պատգամավորի կարծիքով' օրաթերթը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել իր հասցեին' անվանելով իրեն «ստիլյագա», «Քյավառա բարբառով խոսող», նաև մեջբերել է նախկին վարչապետ, Երևանի կոնյակի գործարանի նախկին փոխտնօրեն Հրանտ Բագրատյանի խոսքերը, թե «այդ լակոտը իր արտադրած կոնյակով խայտառակում է Հայաստանը Ռուսաստանում»:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ափինյանը հենց այս «լակոտ» բառի համար էլ պարտավորեցրեց օրաթերթին վճարել 200 հազար դրամ։ Չնայած թերթը Հրանտ Բագրատյանի խոսքը տպագրել էր մեջբերմամբ և ավելի ուշ հրապարակել էր, որ ստացել է տեղեկանք, որում Բագրատյանը ժխտում է, թե այդպիսի բան է ասել, այդուհանդերձ, դատավորը որոշեց գոնե այս մասով բավարարել հայցը։ Դատավոր Ռ. Ափինյանն այսպիսով իրականությանը համապատասխանող համարեց մնացած այն արտահայտությունները, որոնք պատգամավորը համարել էր վիրավորանք կամ զրպարտություն։

Պատգամավորը հայց էր ներկայացրել  3մլն 568 հազար դրամի փոխհատուցում (1 մլն վիրավորանքի, 2 մլն' զրպարտության համար, 500 հազար դրամ' փաստաբանական ծառայության վճարը, 68 հազարը' վճարված պետական տուրքի գումար) ստանալու պահանջով։ Հայցը բավարվեց միայն 288 հազար դրամի չափով (200 հազար դրամ վիրավորանքի համար, 80 հազար դրամ' փաստաբանական ծառայության վճարը, 8 հազարը' պետտուրք)։

Արզաքանցյանի ներկայացուցիչ, փաստաբանՎահե Հովսեփյանը խնդրեց երկու օր ժամանակ, որպեսզի ծանոթանա վճռին և ներկայացնի իր վստահորդի դիրքորոշումը՝ վճիռը բողոքարկելու մասին։

Վճռի ուժի մեջ մտնելուց հետո կհանվի նաև «Երկիր»-ի հաշիվների վրա դրված արգելանքը:

«Կարող եմ ասել, որ մասնակի բավարարված ենք կամ կարող եմ նույն ձևով ասել, որ մասնակի բավարարված չենք»,- ասաց «Երկիր» թերթի խմբագիր Բագրատ Եսայանը՝ նշելով, որ վճռի բողոքարկման համար ունեն մեկ ամիս ժամանակ և վերջնական որոշման մասին կտեղեկացնեն ավելի ուշ:

Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am