ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ո՞ւմ շահերն է ներկայացնում Վարչական դատարանը
ՀՀ Վարչական դատարանում հունիսի 22-ին հետաձգվեց «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն (ԱԿ) ընդդեմ Երևանի քաղաքապետարանի հայցի լսումը՝ սեփականության իրավունքի ճանաչման պահանջով։
«Սա արդեն որերորդ դեպքն է, որ «Միլանոյի» գործով դատական նիստերը հետաձգվում են այն անհիմն պատճառաբանությամբ, որ դատավորը մասնակցում է ինչ-որ սեմինարի կամ խորհրդակցության»,- ասում է «Օլիմպի» ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութի զբաղեցրած հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջով «Օլիմպ»-ի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը 2009թ հունիսի 18-ին դիմել է Քաղաքապետարան։ Քաղաքապետարանը դիմումին արձագանքել է ոչ թե սահմանված 45 օրվա ընթացքում, այլ ամիսներ անց՝ դիմումատուի բազմաթիվ հեռախոսազանգերից հետո։
Հոկտեմբերի 10-ին Հ.Ղուկասյանը Քաղաքապետարանից տեղեկացել է, որ սեփականության իրավունքի ճանաչման որոշումն արդեն պատրաստ է և մնում է միայն հողի կադաստրային արժեքը վճարել։ Իրեն ներկայացված հաշվեհամարին անհրաժեշտ գումարը փոխանցելուց հետո Հ.Ղուկասյանը տեղեկանում է, որ իր դիմումը մերժվել է։
«Պատճառաբանությունը այն էր, որ իրենք չեն կարող սեփականության իրավունք ճանաչել մինչև 2005թ կառավարության որոշմամբ վերցված հողերի նկատմամբ։ «Հողային օրենսգրքում» այդպիսի կետ կա, որ այն հողերը որոնք պետության կարիքների համար վերցվել է մինչև 2005թ, դրանց վրա չի տարածվում «Հողային օրենսգրքի» դրույթները։ Բայց «Օլիմպ» ԱԿ տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել ոչ թե մինչև 2005թ, այլ Կառավարության 2007թ որոշմամբ»,- ասում է Հայրապետյանը։
Նա նաև հղում է անում «Վարչարարության մասին» օրենքի այն դրույթին, ըստ որի' եթե օրենքով սահմանաված ժամկետում վարչական մարմինը դիմումին չի պատասխանում, ապա համարվում է այդ որոշումը կայացված։ «Այսինքն՝ օրենքի ուժով «Օլիմպը» արդեն այդ հողի սեփականատերն է»,- նշում է փաստաբանը՝ ավելացնելով, որ եթե Քաղաքապետարանը պետք է մերժեր, թող դա աներ օրենքով սահմանված 45-օրյա ժամկետում։
Մոտ մեկ տարի է, ինչ սեփականության իրավունքի ճանաչման պահանջով «Օլիմպ» ԱԿ սեփականատերը դիմել է դատարան, սակայն պատասխանող կողմի՝ Քաղաքապետարանի չներկայանալու պատճառով նիստերը անհարկի հետաձգվում են։
Այսօրվա նիստին Քաղաքապետարանի ներկայացուցիչը չէր եկել։ «Պատասխանողը չի եկել՝ շատ լավ իմանալով, որ ինքը ներկայացուցիչ ունի դատարանում՝ ի դեմս մեր դատավորների, մինչդեռ Վարչական դատարանը ստեղծված է այն բանի համար, որպեսզի քաղաքացիներին և իրավաբանական անձանց պաշտպանի վարչական մարմինների ապօրինի գործողություններից»,- ասում է Տիգրան Հայրապետյանը՝ ավելացնելով, որ դատավորները, իրավաբանական հնարքներ բանեցնելով, անարդար վճիռներ են կայացնում, որովհետև վստահ են, որ պատասխանատվություն չեն կրելու դրանց համար։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
