ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արզաքանցյանն ընդդեմ «Երկիրի». կողմերը պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան

«Երկիր» օրաթերթը և պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը պատրաստվում են մոտակա օրերին բողոքարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։
Նշենք, որ Արզաքանցյանը դատի էր տվել «Երկիր» օրաթերթին՝ իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ հրապարակելու համար պահանջելով 3 մլն 568 հազար դրամ փոխհատուցում։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռուբեն Ափինյան) հունիսի 8-ին վճռեց օրաթերթին պարտավորեցնել պատգամավորին վճարել 280 հազար դրամ՝ 200 հազարը անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող «լակոտ» բառի, 80 հազարը՝ փաստաբանական ծախսերի համար։
«Երկիր» օրաթերթի փաստաբան Լիանա Գրիգորյանի խոսքերով' այս շաբաթ իրենք պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել վճռի՝ «լակոտ» արտահայտության համար 200.000 դրամ տուգանք նշանակելու մասով։
«Մենք բողոքի մեջ պետք է հիմնավորենք այն, որ «լակոտ» արտահայտության համար, որը որ Հրանտ Բագրատյանի կողմից էր արվել, մենք հերքում, որպես այդպիսին, տպագրել ենք՝ հաշվի առնելով այն հայտարարությունը, որ արվել էր Արզաքանցյանի փաստաբանի կողմից»,- www.hra.am -ին փոխանցեց փաստաբանը։
Իսկ Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը մոտ օրերս պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան՝ առաջին ատյանի դատարանի վճիռը ամբողջությամբ բեկանելու պահանջով։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
