Հոգեկան խնդիրներ ունեցողների արտահիվանդանոցային բուժումն ավելի արդյունավետ է

«Մեր՝ տարիների փորձը ցույց է տալիս, որ հոգեկան առողջության վերականգնման համայնքային ծրագրերն ամենաարդյունավետն են։ Մեր նպատակն է լինել հիվանդանոցի պատերից դուրս՝ համայնքում՝ մոտիկ և հարմար շահառուներին»,- ասում է Հոգեկան առողջության հիմնադրամի համայնքային ծառայության ծրագրի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը։

Հունիսի 23-ին Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի համայնքային ծառայությունների զարգացման խնդիրներն էին քննարկում շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, ոլորտի մասնագետները։

2000 թվականից սկսած՝ Հոգեկան առողջության հիմնադրամը և «Խնամք» ՀԿ-ն Բաց հասարակության հիմնադրամի աջակցությամբ իրականացնում են հոգեսոցիալական վերականգնման համայնքային ծրագրեր։ Երևանում ստեղծվել է ցերեկային կենտրոն, որտեղ նոր մեթոդիկայով աշխատում են տարբեր մասնագետներ՝ հոգեբան, արտթերապևտ, իրավախորհրդատու և սոցիալական աշխատող։ Լիլիթ Բաղդասարյանի խոսքերով՝ վերականգնումը երկարատև գործընթաց է, և յուրաքանչյուր շահառու կենտրոն է հաճախում 6-18 ամիս։

«Այս տասը տարիների ընթացքում 200-ից ավելի շահառու է օգտվել մեր ծառայություններից։ Ունենք դրական արդյունքներ. մոտ 80 տոկոսով հոսպիտալիզացիայի թիվը նվազել է, այսինքն՝ մարդիկ կարողանում են ավելի երկարատև պահպանել իրենց ստաբիլ առողջ վիճակը։ Մոտ 30 տոկոսը ստացել են մասնագիտություն և նրանց մի մասը նույնիսկ կարողացել է աշխատանք գտնել»,- նշում է նա՝ ավելացնելով, որ, ցավոք, կենտրոնը մինչ օրս չի կարողացել գտնել պետական ֆինանսավորում։

Պրոֆեսոր Սամվել Սուքիասյանի խոսքերով՝ վիճակագրական հավաստի տվյալներ հոգեկան առողջության վերաբերյալ չկան։ Մասնագետն իր զեկույցում ներկայացրեց հոգեբուժական ծառայության հիմնախնդիրները Հայաստանում, որոնք, նրա խոսքերով, վերջին 8 տարիների ընթացքում գրեթե չեն փոխվել։                   

Մասնագետը նշեց այն խնդիրները, որոնց շտկման ուղղությամբ պետք է աշխատի ողջ համակարգը։ Առաջին՝ ստեղծել ծառայություններ մատուցող նոր տեսակի ու որակի հոգեկան առողջության կենտրոններ՝ չանտեսելով նաև տարեց մարդկանց ու երեխաներին։ Երկրորդ՝ վերանայել հոգեկան առողջության ոլորտի օրենսդրական դաշտը և բյուջեն՝ հաշվի առնելով ոլորտի զարգացման միտումները։ Երրորդ՝  պատրաստել ու վերապատրաստել լավ մասնագետներ։

«Հայաստանում և աշխարհում զարգանում է ոչ հոգեբուժական հոգեբուժությունը։ Այսինքն՝ հոգեբուժությամբ սկսել է զբաղվել  ով ասես, բացի հոգեբույժներից։ Մեր հաճախորդների 80 տոկոսն առնվազն 2 ամիս բուժվել է այլ մասնագետի մոտ, հետո տեսել են, որ արդյունք չի տալիս, նոր եկել են «Սթրես» կենտրոն»,- ասում է Սուքիասյանը։

Լոռու մարզի նյարդահոգեբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը, կարևորելով ոլորտում կատարված բարեփոխումները, ընդգծում է հասարակության իրազեկության բարձրացման խնդիրը։ «Անհրաժեշտ է ակտիվացնել հոգեկան առողջության և առողջ ապրելակերպի քարոզչությունը, կրթել հասարակությանը, որովհետև մարդիկ  բավարար չափով տեղեկացված չեն հոգեկան խանգարումների և հոգեբուժական օգնության մասին։ Անհրաժեշտ է զարգացնել պրիվենտիվ հոգեբուժությունը, ինտեգրել հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց հասարակության մեջ, անհրաժեշտ է փոքր տարիքից սերմանել  հանդուրժողականություն հաշմանդամների հանդեպ։ Հոգեկան հիվանդները և նրանց ընտանիքները կրում են խարանի բեռը, և հաճախ տարբեր բարդույթների ու սահմանափակումների պատճառով խուսափում են դիմել մասնագետների կամ դիմում են սխալ մասնագետի և չեն ստանում համապատասխան բուժում»,- նշում է Գայանե Քալանթարյան։ Լոռու մարզի նյարդահոգեբանական դիսպանսերը գործում է 1955 թվականից։ Քալանթարյանի ներկայացրած տվյալներով՝ դիսպանսերում տարեկան հաշվառվում են միջինը 150 մարդ, ևս 300 հոգի ստանում են ստացիոնար բուժում։

Սեմինար -քննարկմանը ներկա պետական պաշտոնյաները հավաստիացրեցին, որ բարձրացված բոլոր խնդիրները իրենք հաշվի կառնեն հոգեկան առողջության ոլորտի միասնական քաղաքականություն մշակելիս։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am