ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արգելավայրը վերածվեց արգելոցի

Բնապահպանները ողջունում են ՀՀ կառավարության որոշումը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու և այդ արգելավայրի կանոնադրությունը հաստատելու որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին, բայց կարծում են, որ ամեն ինչ ամբողջությամբ պարզաբանված չէ։
2007թ. արգելոցի կարգավիճակը արգելավայրի փոխելուց հետո «Գիլան» պետական արգելավայրը 2008 թվականին վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել էր «Հովազաձոր» ՍՊԸ-ին' իր ներկայացրած բնապահպանական ծրագիրն իրականացնելու նպատակով։
Կառավարության հերթական որոշմամբ արդեն թույլատրվել էր իրականացնել կառուցապատման աշխատանքներ, սակայն ՀՀ կառավարության վերջին՝ հունիսի 23-ի նիստի ժամանակ վարչապետը հայտարարել է, որ իրականացվող աշխատանքի վերաբերյալ մի շարք լրատվամիջոցների բարձրացրած հարցերի կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարը, նախարարության աշխատակիցներ, մի շարք Հ/Կ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելել են պետական արգելավայր, ինչից հետո նախարարի հանձնարարությամբ «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքը դադարեցվել է։
Դրան հաջորդած բազմաթիվ քննարկումներից հետո որոշվել է «Գիլան» պետական արգելավայրի կարգավիճակը փոխել, պետական արգելոցի «Բայբուրդ» տեղամասի 118 հա տարածքում վերականգնել արգելոցային ռեժիմը, ինչը հնարավորություն կտա մեծացնել նշված տարածքում եղած էկոհամակարգի պահպանության արդյունավետությունը։
«Բայց այդպես էլ չի պարզաբանվել, թե առաջին որոշմանը հաջորդած երկու որոշումների հետ ի՞նչ է լինելու և արդյոք կառուցապատված հատվածը ապամոնտաժվելու՞ է, թե՝ ոչ»,- www.hra.am -ին հաղորդում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։
Կարինե Ւոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
Լուսանկարը՝ www.ecolur.org
