ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Միլանոյի» գործով վճիռը՝ հուլիսի 15–ին
Հունիսի 24-ին ՀՀ Վարչական դատարանում (դատավոր' Ա.Միրզոյան) լսվեց «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի հայցն ընդդեմ ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության:
«Միլանո» խանութի սեփականատերը դատարանում բողոքարկում է 10.03.2010թ. Երևանի Աբովյան 4 հասցեից հարկադիր վտարման գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև' «Կատարողական վարույթը կարճելու մասին» 18.03.2010թ որոշումը:
Հիշեցնենք, որ 19.06.2008թ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ըստ «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերության հայցի, որոշում էր կայացրել պարտավորեցնել Հ.Ղուկասյանին կնքելու անշարժ գույքի օտարման մասին պայմանագիր և նրան ու նրա ընտանիքին վտարել Աբովյան 4 հասցեից՝ դադարեցնելով տվյալ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Ղուկասյանի սեփականության իրավունքը:
Դատական նիստի մասին պատշաճ ծանուցվել էին, սակայն չէին ներկայացել պատասխանող կողմը և որպես 3-րդ կողմ ներգրավված «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերությունը:
Հ.Ղուկասյանի շահերը ներկայացնող Տիգրան Հայրապետյանը ներկայացրեց հայցի առարկան ու հիմքերը: Օրենքը նախատեսում է, որ մինչև հարկադիր օտարումը տարածքի նախկին սեփականատիրոջ հետ պետք է կնքվի «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագիր, որից հետո պետք է տրվի նախնական համարժեք փոխհատուցում և 2 ամիս ժամանակ' տարածքն ազատելու համար: Սակայն, փաստաբանի խոսքերով, «Միլանո» խանութի դեպքում եղել է ընդհակառակը: Սկզբում կատարվել է հարկադիր օտարում' առանց տարածքն ազատելու համար բավարար ժամանակ տրամադրելու: Մոտ 8 ամիս հետո տրվել է փոխհատուցվող գումարը, իսկ պայմանագիր, որպես այդպիսին, մինչ օրս կնքված չէ: Իսկ խանութի գույքը, առանց օրենքով նախատեսված գույքագրման, հանձնվել է «Ավո ՖՄՀ» ՍՊԸ-ին' ի պահ:
Հայցվոր կողմը դատարանից պահանջում է ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից 10-15.03.2010թ վտարման գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ, անվավեր ճանաչել ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից կատարողական վարույթը վերսկսելու և կարճելու մասին 03.03.2010 և 18.03.2010թ որոշումները, պարտավորեցնել «Ավո ՖՄՀ» ՍՊԸ-ին ազատել Երևանի Աբովյան 4 հասցեի տարածքը' այն վերադարձնելով Հովհաննես Ղուկասյանին:
Դատավոր Ա.Միրզոյանը հայցի քննությունը համարեց ավարտված: Վճիռը կհրապարակվի հուլիսի 15-ին:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am
