ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նկատվում է թմրամիջոց օգտագործողների աճ

Չնայած Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունը մեծ չէ, բայց նկատվում է թմրամիջոց օգտագործողների աճ։
«Հայաստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող մարդկանց թիվը 2009թ. եղել է 1717, 2010թ.՝ 2751 մարդ, խոսքը բոլոր հաշվառված հիվանդների մասին է։ Իսկ բուժում ստացածների թիվը 2009թ. կազմել է 257, իսկ 2010թ.՝ 359 մարդ։ Այսինքն տեսնում ենք աճ. 2002թ. Հայաստանում բուժում ստացող անձանց թիվը կազմում էր 21 մարդ»,- նշում է Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգոր Մալենցյանը:
Հունիսի 26–ը թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Գրիգոր Մալենցյանի կարծիքով՝ բուժվող ցանկացողների թիվը մեծացել է, քանի որ դիմողները ժամանակի ընթացքում հասկացել են, որ չկան ոստիկանական ճնշումներ, բուժծառայություններն ավելի բարձր որակի են դարձել: Սա հատկապես այն փոփոխության արդյունքն էր, որը եղավ Քրեական օրենսգրքում 2008թ-ին, երբ թմրամիջոցների գործածումը ապաքրեականացվեց և թմրամիջոց օգտագործողին սկսեցին դիտարկել ոչ թե որպես հանցագործ, այլ որպես հիվանդ: Իհարկե, խթանեց նաև քաղաքացիների համար բուժման անվճար լինելը։
Ներերակային, ինհալացիոն շարքի թմրամիջոցները, ըստ Մալենցյանի, Հայաստանում շատ չեն կիրառվում, այնուամենայնիվ, դրանց շրջանառությունը ևս աճում է։ Մետամֆիտային և ամֆիտային թմրամիջոցներ ևս թափանցում են մեր երկիր, սակայն դրանք հիմնականում տարանցիկ բնույթ են կրում, քանի որ Հայաստանը նաև հանդես է գալիս տարանցիկ պետություն. օրինակ՝ Իրանից ներկրված թմրանյութերն այլ երկիր ապօրինի կերպով փոխանցելու արդյունքում։
2009թ. դրությամբ հաշվարկվել է ներերակային թմրամիջոց օգտագործող 3610 մարդ:
«Այս թիվը կարող է տատանվել մինչև 4000-5000 մարդ։ Իսկ ողջ Հայաստանում կա 104 հազար մարդ, ովքեր երբևիցե փորձել են թմրամիջոց: Դժվարությամբ կարող ես անվանել այն մարդուն կախվածություն ունեցող, ով կյանքում միայն մեկ անգամ է փորձել հաշիշ կամ կանաբիս, մինչդեռ ափիոն կամ հերոին օգտագործողը երկրորդ, երրորդ կիրառումից միայն կարող է ընկնել կախվածության մեջ»,-ասում է Մալենցյանը։
Ինչ վերաբերում է թմրամիջոց օգտագործողներին բուժելուց հետո նրանց հասարակություն վերաինտեգրելուն, ապա Մալենցյանը բերեց եվրոպական երկրների օրինակը, երբ բուժվածները համախմբվում և իրենց համայնքն են ստեղծում: Ժամանակի ընթացքում նրանք ինտեգրվում են հասարակություն, բայց սկզբնական շրջանում գործում են որպես հասարակության մեջ առանձին բջիջ՝ ստեղծելով օրինակ իրենց հասարակական կազմակերպությունը, որը սակայն պետության աջակցություն է ստանում, որպեսզի անդամները կարողանան մեկնարկային բիզնես սկսել, պահեն իրենց ընտանիքները և այլն։
2009թ. սեպտեմբերին ՀՀ նախագահի համապատասխան կարգադրությունից հետո 2010 թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատել է «2010-2012 թթ. ընթացքում ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով» նախատեսված միջոցառումների ժամանակացույցը և դրանք իրականացնող պատասխանատու գերատեսչությունները:
Ըստ ժամանակացույցի՝ առաջնահերթ նպատակն է թմրամոլության և թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային և միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը:
Ծրագրվում է նաև ուսումնասիրել Հայաստանի օրենսդրական բազան և ՄԱԿ-ի կոնվենցիաներին նրա համապատասխանությունը, մշակել համապատասխան կողմնորոշիչներ, բնակչության շրջանում ուսումնասիրություն անցկացնել թմրանյութերի օգտագործման տարածվածության վերաբերյալ, անչափահասների շրջանում պայքարել թմրամոլության դեմ:
Սոֆյա Մանուկյան
Աղբյուրը՝ www.hra.am
