ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պետդեպարտամենտի 2011թ-ի զեկույցը. Հայաստանն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն ստանդարտներին

ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած աշխարհում թրաֆիքինգի վերաբերյալ տարեկան զեկույցի Հայաստանի բաժնում նշվում է, որ Հայաստանը սկզբնաղբյուր երկիր է հարկադիր մարմնավաճառության նպատակով թրաֆիքինգի ենթարկվող կանանց և աղջիկների համար, սկզբնաղբյուր և վերջնակետ երկիր' կանանց հարկադիր աշխատանքի համար և սկզբնաղբյուր երկիր' տղամարդկանց հարկադիր աշխատանքի համար:
Ըստ զեկույցի հեղինակների, սեռական թրաֆիքինգի նպատակով Հայաստանից կանայք և աղջիկներ են փոխադրվում Գերմանիա, Միացյալ Արաբական Էմիրություններ և Թուրքիա: Հայաստանցի կանանց և տղամարդկանց ենթարկում են հարկադիր աշխատանքի Ռուսաստանում, և հայաստանցի կանանց ենթարկում են հարկադիր աշխատանքի Թուրքիայում:
Պետդեպարտամենտի զեկույցը նշում է, որ հայաստանցի տղաները երկրի ներսում ենթարկվում են հարկադիր աշխատանքի, իսկ կանայք ու աղջիկները երկրի ներսում սեռական թրաֆիքինգի են ենթարկվում: "Հայաստանում հարկադիր աշխատանքի են ենթարկվում ռուսաստանցի կանայք»,- նշվում է Պետդեպարտամենտի զեկույցում:
ԱՄՆ Պետդեպարտամենտը համարում է, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն ստանդարտներին, սակայն զգալի աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ:
Պետդեպարտամենտն արձանագրում է, որ 2011թ. մարտին գործողության մեջ մտան քրեական օրենսգրքի փոփոխությունները, որով առավել ուժեղացվում են օրենքում առկա հակաթրաֆիքինգային դրույթները: Այնուհանդերձ, ինչպես նշվում է զեկույցում, «առանձնակի մտահոգության տեղիք է տալիս տարվա ընթացքում բացահայտված զոհերի թվի կտրուկ անկումը, ինչպես նաև հարկադիր աշխատանքի հետ կապված դեպքերի քննությունների բացակայությունը»:
«Առաջարկներ Հայաստանին» բաժնում ընդգծվում է հարկադիր աշխատանքի զոհերի հայտնաբերման և աշխատանքային թրաֆիքինգի գործերով քննությունների ու քրեական հետապնդման մասով առավել ակտիվ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, առաջարկվում է շարունակել ու ավելացնել զոհերին աջակցություն ցուցաբերող հասարակական կազմակերպություններին ֆինանսավորման տրամադրումը և ապահովել հակաթրաֆիքինգային ծրագրերին ու զոհերի աջակցությանն ուղղվող միջոցների ամբողջական իրացումը նախանշված ծրագրերով:
«Քրեական հետապնդում» բաժնում ասվում է, որ զեկույցի ժամանակահատվածում Հայաստանի կառավարության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված իրավապահ ոլորտի աշխատանքներում գրանցվել է որոշակի առաջընթաց:
«Պաշտպանություն» բաժնում նշվում է, որ զեկույցի ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը համեստ առաջընթաց է ունեցել թրաֆիքինգի զոհերի բացահայտմանն ու պաշտպանությանն առնչվող հարցերում:
«Կանխարգելում» բաժնում ասվում է, որ զեկույցի ժամանակահատվածում կառավարությունը մեծացրել է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում գործադրվող ջանքերը: 2010թ. կառավարությունը ֆինանսավորում է տրամադրել թրաֆիքինգի մասին իրազեկող երկու հեռուստատեսային հաղորդումների համար և ամբողջ երկրում ուսուցիչների ու աշակերտների շրջանում մարդկանց թրաֆիքինգի վտանգի մասին իրազեկման աշխատանքներում գործակցել է հասարակական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների հետ:
«Կրթության նախարարությունը հասարակական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից մշակած և պատրաստած իրազեկման նյութերը ներառել է դպրոցական առարկայական ծրագրերում' հազարավոր աշակերտների համար: Կառավարությունը կոմերցիոն սեքսի պահանջարկի նվազեցմանն ուղղված քայլ է ձեռնարկել, որով փոփոխություն է կատարվել քրեական օրենսգրքում և պատիժ է նախատեսվել շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվողների համար», ասվում է Պետքարտուղարության զեկույցում:
Նյութի և նկարի աղբյուր`www.armenia.usembassy.gov
