Ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանի գործով վերաքննիչ նիստ

Վերաքննիչ  քրեական դատարանում (դատավոր՝ Մհեր Արղամանյան) հուլիսի 11-ին ժամը 11։00-ին կլսվի ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանի գործով բողոքն ընդդեմ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման։

Հիշեցնենք, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանի բողոքն ընդդեմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի, ըստ որի բողոքարկվում էր հանձնաժողովի' Մ. Սեմերջյանի պայմանական-վաղաժամկետ ազատելու հարցի քննարկումը 1 տարի հետաձգելու որոշումը։

Ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանը մինչև բողոք ներկայացնելը՝ 10.03.2011թ. դրությամբ, անազատության մեջ էր 20 տարի 1 ամիս 8 օր։ 20 տարին այն ժամանակն է, որից հետո ցմահ դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իր իրավունքից օգտվել, եթե նա վերջին հինգ տարիների ընթացքում պատիժը կրել է առանց կարգապահական տույժերի։ 

Համաձայն ՀՀ օրենքների  նախատեսած դրույթների՝ Մանուկ Սեմերջյանը իրավունք ունի օգտվել իր վաղաժամկետ ազատ արձակման իրավունքից։ Ցմահ դատապարտյալներից նա առաջինն է, ով կարող է օգտվել օրենքով նախատեսվող հնարավորությունից։  Բոլոր ցմահ դատապարտյալների համար այս գործը կարևորագույնն է՝ նախադեպային դառնալու վարկածով։

2011 թ.-ի հունվարի 1–ի դրությամբ Հայաստանում ցմահ ազատազրկման է դատապարտվել 99 մարդ:

Աղբյուրը՝ www.hra.am