ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանապետի հրամանը վե՞ր է դասվում Քրեական օրենսգրքից
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ևս մի գործ է սկսվել ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի:
Այս բաժինը հրաժարվել է քրեական գործ հարուցել ոստիկանների կողմից 2011թ. փետրվարին վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդների երթևեկելու և խաղաղ հանրահավաք անցկացնելու իրավունքը խախտելու առիթով: Թեև իրավապաշտպան Արթուր Սաքունցի նույն դիմումը դատարան հաջողությամբ չպսակվեց, իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը նմանատիպ բողոքով դիմել է նույն դատարան։
Երեկ՝ հուլիսի 7-ին, սկսեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հայցի լսումը։ Նա բողոքում է ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժանմունքի քննիչ Հովհաննես Քաղցրիկյանի' ապրիլի 15-ին քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
Լ.Բարսեղյանը երեք գրավոր հաղորդում էր հղել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ ոստիկանները վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների և նրանց տերերի տեղաշարժման ազատության իրավունքը սահմանափակել են 2011թ.փետրվարին Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերում, Սայաթ-Նովա փողոցում և Ջաջուռի լեռնանցքում։
Դատական նիստի ժամանակ Բարսեղյանը նշել է, որ խախտվել է ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքի 180 հոդվածը, որի համաձայն առավելագույնը 10 օրում քննիչը պարտավոր է գործ հարուցել, իսկ որոշումը կայացվել է միայն 50-րդ օրը։
«Նա սկսեց բացատրել, որ գործը ծավալուն է եղել ու իր պետից համաձայնություն է ստացել երկարաձգել ժամկետը ու փաստորեն ոստիկանապետի հրամանը վեր է դասվում քրեական օրենսգրքից»,- www.hra.am -ին հայտնեց Բարսեղյանը։
Այս գործով դատավոր է նշանակվել Հ.Մովսիսյանը, ով հայտնի է նախկին քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանին 4 ոստիկանների վկայության հիման վրա վեցուկես տարվա ազատազրկման դատապարտելու իր վճռով:
«Չի բացառվում, որ գործը նրան են հանձնարարել հայցը բավարարելու նպատակով, ակնկալելով, որ կկարողանա վերականգնել դատավորի պատիվն ու արժանապատվությունը, այնպես, ինչպես չի բացառվում նաև հակառակ վարկածը' հայցը մերժելու նպատակով, քանի որ այս դատավորը ապացուցել է, որ կարող է արդարադատություն իրականացնելու փոխարեն պատվեր կատարել ու այսպես ավելի հեշտ կլինի դատարանի համար' նոր դատավոր չի վարկաբեկվի»,-համոզված է Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ նույն դատարանի մեկ այլ դատավոր Մ.Սարոյանը մերժեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցն ընդդեմ նույն քննիչի: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այդ որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում:
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 12-ին՝ ժամը 16։00-ին։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
