ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կրոնական կազմակերպության ղեկավարի դեմ հարուցված քրեական գործը «վերևների» պատվե՞րն է
Հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» Սևանի տեղական միավորի հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը։
ՀՀ Գլխավոր դատախազությունը Վ.Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել 2010թ. դեկտեմբերի 24-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակված մի տեսանյութի հիման վրա՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մաս):
Հիշեցնենք, որ «Շանթ»-ի նկարահանող խումբը Սևանի նախկին կինոթատրոնի շենքում առանց թույտվության նկարահանումներ է կատարել։ Տարածքի սեփականատեր հանդիսացող կրոնական կազմակերպության ղեկավարը նրանց շենքից դուրս է հրավիրել, սակայն լրագրողները չեն ենթարկվել, որի արդյունքում վիճաբանություն է առաջացել։ «Շանթի» օպերատորի խոսքերով՝ Վ. Բաղդասարյանը քաշքշել ու ապտակել է իրեն։
Կրոնական կազմակերպության կողմից ներկայացված հաղորդմանը (սեփականության իրավունքը խախտելու մասին) ընթացք չի տրվել, փոխարենը՝ դատախազությունը քրեական գործ է հարուցել Վլադիմիր Բաղդասարյանի դեմ։
Հուլիսի 8-ին պաշտպանական ճառով հանդես եկավ Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը։ Նա կրկին անգամ պնդեց, որ իր պաշտպանյալը հետապնդվում է իր կրոնական հայացքների համար:
Փաստաբանի համար կասկածելի է այն հանգամանքը, թե ինչո՞ւ օպերատոր Էդուարդ Պետրոսյանը, ում դեմքին իբրև թե հարվածել է Բաղդասարյանը, հրաժարվել է դատաբժշկական փորձաքննություն անցնել և քննիչն էլ հետամուտ չի եղել, որ տուժողը ներկայանա փորձաքննության։
Ռևազյանը նշեց, որ լրագրողները պատշաճ կերպով չեն ներկայացել և թույտվություն չեն հարցրել նկարահանումներ իրականացնելու համար. «Նկարահանումներն իրականացրել են շենքում գտնվող անձանց կամքին հակառակ և նրանց պահանջներին' այն է անջատել տեսախցիկը, չեն ենթարկվել, շարունակել են նկարահանել և նույնիսկ երեկոյան եթեր են հեռարձակել»,- նշեց պաշտպանը՝ ավելացնելով, որ դա պարզ երևում է իրեղեն ապացույց ճանաչված տեսասկավառակում. «Դատարանում ուսումնասիրված տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է Լ.Աղաջանյանը փորձում թաքնվել տեսախցիկից, և թե ինչպես է Ա.Սուքիասյանը Լ.Աղաջանյանին ուղղում հետևյալ հարցերը' «Ընդհամենը ձեզ հարցնում եմ, ինչո՞վ եք զբաղվում այս շենքում...քարոզչություն եք չէ՞ ծավալում...ամաչո՞ւմ եք, որ հոգեգալստական եք»։
Ռևազյանը Դատարանի ուշադրությունը հրավիրեց լրագրող Արփի Սուքիասյանի վարքագծի վրա։ «Տեսանյութի մեջ հստակ երևում է թե նա ինչպես է Լիաննա Աղաջանյանին վիրավորում' ասելով. «Ցանկություններդ, աղջի՛կ ջան, ուրիշ տեղ կեթաս կդրսևորես, գիտես ցանկություններն ում հետ են դրսևորում, եղավ, իմ հետ ցանկություն չես..., ամեն դեպքում, եթե շեղումներ չունես, ցանկություններդ հակառակ սեռին դրսևորի»: Իսկ երբ Արփի Սուքիասյանին հարցրել են, թե արդյոք ցանկացած վայր առանց դուռը ծեծելու եք մտնում, նա պատասխանել էր. «Ես ցանկացած տեղ մտնում եմ... Ես կարամ չծեծեմ ու նախագահական մտնեմ»,- իր ճառում նշեց փաստաբանը։
«Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» Սևանի տեղական միավորի հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանը armhels.com կայքին տված մեկնաբանության մեջ նշել է, որ այս ամենը կրոնական կազմակերպությունների դեմ կազմակերպված քարոզչության արդյունք է. «Սա վերևներից պատվիրված գործ է, անգամ քննիչը սկզբում մեզ ասում էր, որ լրագրողներն իրավունք չունեին ներս մտնելու, քանի որ դա սեփականություն է և գործն էլ մի շաբաթից կփակվի, սակայն փաստը ցույց տվեց, որ ինքը հետո եկավ ու ասեց, որ վերևից պահանջում են, և ձեր գործը պետք է վերևներում լուծել, իրենից կախված ոչինչ չկա»,- ասել է Բաղդասարյանը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 13-ին։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
