ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վճիռը կբողոքարկեն. հոգևոր հովիվը պնդում է, որ չի խոչընդոտել լրագրողների աշխատանքը
Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» Սևանի տեղական միավորի հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանին և 200.000 դրամ տուգանք նշանակել: Միևնույն ժամանակ դատարանը համաներման ակտն է կիրառել և Բաղդասարյանին ազատել է պատժի կատարումից:
Կրոնական կազմակերպության հոգևոր հովիվը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով' լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար: Սակայն Վլ. Բաղդասարյանն իրեն մեղավոր չի ճանաչում և պատրաստվում է բողոքարկել դատավճիռն ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ «Շանթ»-ի նկարահանող խումբը Սևանի նախկին կինոթատրոնի շենքում առանց թույտվության նկարահանումներ է կատարել։ Տարածքի համասեփականատեր հանդիսացող կրոնական կազմակերպության ղեկավարը նրանց շենքից դուրս է հրավիրել, սակայն լրագրողները չեն ենթարկվել, որի արդյունքում վիճաբանություն է առաջացել։ «Շանթի» օպերատորի խոսքերով՝ Վ. Բաղդասարյանը քաշքշել ու ապտակել է իրեն։
Կրոնական կազմակերպության կողմից ներկայացված հաղորդմանը (սեփականության իրավունքը խախտելու մասին) ընթացք չի տրվել, փոխարենը՝ դատախազությունը քրեական գործ է հարուցել Վլադիմիր Բաղդասարյանի դեմ։
Կրոնական կազմակերպության հոգևոր հովվի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը www.hra.am -ին փոխանցեց, որ իրենք, անկասկած, վճիռը բողոքարկելու են բոլոր ատյաններում, քանի որ այն հիմնազուրկ է և իրավազուրկ: Բացի այդ, նախաքննության և դատավարության ողջ ընթացքում իրենց համար ակնհայտ է եղել, որ հարուցված քրական գործը կրոնական անհանդուրժողականության ու խտրականության արդյունք է:
«Վճռով դատարանը անդրադարձ չի կատարել մի շարք այլ հանգամանքների խախտման վրա, որոնք մենք նշել էինք և արժանի գնահատական չի տվել ո´չ քննիչի, ո´չ լրագրողի և ո´չ էլ տուժող կողմի գործողություններին: Լրագրողները սուտ և իրար հակասող ցուցմունքներ են տվել դատարանում: Քննիչը չարաշահումներ է թույլ տվել և ուղղորդել է գործը. լրագրողի ու օպերատորի բացատրությունները արտագրված են միմյանցից' տառ առ տառ: Այս ամենին դատարանը որևէ գնահատական չի տվել: Ամբողջ գործում նշված է, որ «աղանդավորները խոչընդոտել են» և «աղանդավոր» բառը շատ է շեշտվում վարույթն իրականացնող մարմինների որոշումների մեջ, ինչը ապացուցում է, որ Վլադիմիր Բաղդասարյանը հետապնդվել է՝ որպես կրոնական կազմակերպության ներկայացուցիչ, և այս կերպ փորձել են սահմանափակել նրա գործունեությունը և արատավորել նրան ու իր կազմակերպության անունը»,- կարծում է Ռևազյանը:
Վլադիմիր Բաղդասարյանը գրությամբ դիմել է «Շանթ» հեռուստաընկերությանը' պահանջելով հերքել հրապարակված այն տեղեկատվությունը, որով խախտվել է անմեղության կանխավարկածի իր իրավունքը: Անցել է մի քանի շաբաթ, սակայն, Ռոբերտ Ռևազյանի խոսքերով, հեռուստաընկերությունը որևէ կերպ չի արձագանքել գրությանը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am
