ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խուլերի ձայնը լսելի է համացանցում

«Սկզբնական շրջանում մի փոքր վախ կար' կստացվի՞, թե՝ ոչ, բայց արդյունքում ստացա այս վկայականը և հուսով եմ, որ կկարողանամ աշխատանք գտնել»,- ասում է «Ինտերնետ. Հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» դասընթացի մասնակից Գոհար Առաքելյանը, ում հոբբին լուսանկարելն է: Նա կարևորում է խուլերի կրթված, զարգացած լինելը և ուզում է, որ նրանք Հայաստանում անտեսված չլինեն:
Հուլիսի 15-ին ամփոփվեցին «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ինտերնետ. Հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագրի արդյունքները և մասնակիցներին հանձնվեցին վկայականներ:
2010 թվականի նոյեմբերից ծրագրի շրջանակում անցկացված դասընթացների շնորհիվ լսողության խնդիրներ ունեցող մարդիկ սովորեցին օգտվել համակարգչից, ինտերնետից, գրանցվեցին սոցիալական ցանցերում, որի շնորհիվ հաղորդակցվում են լսողություն ունեցող մարդկանց հետ: Սուրդոթարգմանչի օգնությամբ խուլերին ուսուցանվել է մուլտիմեդիա, լուսանկարչություն: Facebook-ում խուլերը ստեղծել են «Լռության ձայն» խումբը, որի միջոցով տեղեկատվություն են տարածում և փոխանակում:
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը պատմում է, որ ծրագրի շրջանակներում ինքնաբուխ սկսեց բողոքի ակցիա' վերականգնելու Հայաստանում ապրող 3500 խուլ մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը, որն ի վերջո հաջողություն արձանագրեց: Հուլիսի 7-ին Կառավարության հավանությանն է արժանացել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որով ակնկալվում է բարելավել լսողության խանգարում ունեցող անձանց տեղեկատվություն ստանալու հնարավորությունը։
Ս.Դեհերյանը Կառավարության որոշումը համարում է ողջունելի, սակայն, նրա խոսքերով, ժամանակ է պետք, որպեսզի փոփոխությունների նախագիծը քննարկվի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում, ընդունվի և ուժի մեջ մտնի:
«Եվ այստեղ մենք կրկին ուզում ենք դիմել հեռուստաընկերություններին, որպեսզի նրանք իրենց նախաձեռնությամբ օր առաջ ստեղծեն սուրդոթարգմանությամբ ուղեկցվող հաղորդումներ, որի համար բոլոր պայմանները կան: Միայն պետք է մեկ ժամով սուրդոթարգմանիչ հրավիրել: Ես ավելի հակված եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը դա անի, որովհետև օրենքով այդպես է սահմանված: Մասնավոր հեռուստաընկերությունների կողմից կլինի մարդասիրական մոտեցում, եթե նրանք կարողանան դա ապահովել»,- ասում է Դեհերյանը' կանխատեսելով, որ գործընթացը կձգվի մինչև տարեվերջ:
Մասնակիցներին վկայականներ հանձնելուց բացի, շնորհակալագրեր հանձնվեցին նաև ծրագրի իրականացմանն աջակցած անհատներին, կազմակերպություններին, խուլերի խնդիրները լուսաբանած 3 լրագրողների, որոնց թվում է նաև www.hra.am կայքի լրագրող Մերի Ալեքսանյանը:
Աղբյուրը' www.hra.am
