ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
27 ժամ ոստիկանությունում է պահվել 15–ամյա տղան. նրան ծեծի են ենթարկել՝ փորձելով ստանալ ցանկալի ցուցմունք (վիդեո)
Հուլիսի 13-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց 26 շենքի բակից Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 1996թ. ծնված Յուրա Գևորգի Սիմոնյանը: Համաձայն փաստաբան Նարինե Սարգսյանի' Սիմոնյանը բերման է ենթարկվել որպես բակում տեղի ունեցած վեճի վկա, որի ընթացքում կրակոցներ են եղել:
Հուլիսի 14-ին ժամը 16:00-ից սկսած փաստաբան Ն. Սարգսյանը 4 անգամ փորձել է տեսակցել իր պաշտպանյալին, սակայն դա նրան չի հաջողվել: Ոստիկանության քննիչ Կամո Շառոյանը վերջինիս անընդհատ ասել է, որ Սիմոնյանը 10 րոպեից կիջնի, բայց այդպես էլ չի իջել:
Ժամը 23:05-ին, Յ.Սիմոնյանին բաց են թողել ոստիկանության բաժանմունքից՝ այնտեղ գտնվելու ողջ ընթացքում այդպես էլ չթողնելով պաշտպանին տեսակցել իր պաշտպանյալի հետ: Սիմոնյանի ասելով՝ նրան ոստիկանության բաժանմունքում ծեծել են՝ փորձելով ստիպել, որ ասի, թե տեսել է բակում տեղի ունեցած վեճի ժամանակ կրակողին:
Այսօր՝ հուլիսի 15-ին, Յուրա Սիմոնյանն իր մոր հետ այցելել է դատաբժշկին. դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը կտրվի մի քանի օրից:
Աղբյուրը՝ www.hra.am
