ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանցավոր խմբի 8 անդամների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան,եւս 4-ը՝ գտնվում են հետախուզման մեջ

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է մարդու սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ ձևավորված կազմակերպված հանցավոր խմբի 8 անդամների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ն.Ներսիսյանը, բնակվելով Արաբական Միացյալ Էմիրություններում, մարդու թրաֆիքինգի՝ շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու նպատակով մի շարք անձանց հետ ստեղծել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկված է եղել ավելի քան 10 մարդ, նրանց թվում իր ընտանիքի անդամները՝ ՀՀ-ում բնակվող մայրը՝ Ա.Հայրապետյանը և ՌԴ Վոլգոգրադ քաղաքում բնակվող եղբայրը՝ Ա.Ներսիսյանը, քույրը՝ Հ.Վասիլյանը, վերջինիս ամուսինը՝ Ա.Վասիլյանը: Նախաքննության տվյալներով, կազմակերպված խմբի անդամների միջև եղել է դերերի հստակ դերաբաշխում: Ըստ այդմ՝ գործողությունները ղեկավարել է Ն.Ներսիսյանը և հոգացել հավաքագրված անձանց ԱՄԷ մուտքի հրավեր տրամադրելու հետ կապված ծախսերը, իսկ «զոհերի» սեռական շահագործումը կազմակերպել է ոմն Նառայի և Սերինեի հետ: Խմբի անդամներ Հ.Առաքելյանը, Ա.Այվազյանը, Վ. և Ծ. Ավետիսյանները, Ա.Հայրապետյանը, Ա.Ներսիսյանը զբաղվել են կանանց հավաքագրելով և նրանց Դուբայ տեղափոխելու հարցերով, որտեղ «զոհերին» դիմավորել է Ս.Հովսեփյանը:
Քրեական գործի տվյալների համաձայն՝ հանցավոր խմբի անդամների մասնակցությամբ 2003-2010թթ վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու միջոցով հավաքագրվել և ԱՄԷ Դուբայ քաղաք են տեղափոխվել շուրջ մեկ տասնյակ կանայք՝ այնտեղ ենթարկվելով սեռական շահագործման:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 8 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ վերոնշյալ հանցավոր խմբի կազմում ընդգրկված լինելու և հանցավոր գործունեությամբ զբաղվելու համար: Մասնավորապես, երկու անձի՝ Աղունիկ Այվազյանին և Հասմիկ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 132 2 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ծովիկ Ավետիսյանին և վերջինիս որդի Վահան Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Մարիամ Սարգսյանին, Վահագն Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Արմեն և Հեղուշ Վասիլյաններին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 2 - րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նշված անձանց վերաբերյալ քրեական գործն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ն. և Ա. Ներսիսյանների, Ա.Հայրապետյանի, Ս. Հովսեփյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հետախուզվողներին հայտնաբերելու, հանցավոր գործունեության մեջ ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողությունների հետևանքով հնարավոր այլ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
