ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արման Մկրտումյանը հիմքեր չգտավ վարույթ հարուցելու համար

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մերժել է Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի առաջարկը' կարգապահական վարույթ հարուցելու Վճռաբեկ դատարանի քրեական պալատի մի քանի դատավորների նկատմամբ:
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը հուլիսի 7-ին դիմել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին' առաջարկելով կարգապահական վարույթ հարուցել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դ.Ավետիսյանի, նույն պալատի դատավորներ Հ.Ղուկասյանի, Հ.Ասատրյանի, Ե.Դանիելյանի և Ա.Պողոսյանի նկատմամբ: Առաջարկի համար հիմք էր հանդիսացել մի քրեական գործով «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» 03.06.2011թ. որոշումը պատճառաբանված չլինելու հանգամանքը, որտեղ ընդամենը գրված էր. «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»:
Այս առաջարկով Ռուբեն Սահակյանը հանդես եկավ դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին Արդարադատության խորհրդի որոշումից հետո, ում մեղադրում էին «չպատճառաբանված որոշում» կայացնելու մեջ:
Ռուբեն Սահակյանը www.hra.am -ին հաղորդեց, որ հուլիսի 21-ին ինքը ստացել է մերժում' «կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բացակայում են» պատճառաբանությամբ:
Թերևս ճիշտ էր Փաստաբանների պալատի նախագահի և մի խումբ փաստաբանների այն մտահոգությունը, որ տասնյակ չպատճառաբանված որոշումների պարագայում կարգապահական վարույթ հարուցվում է խտրական մոտեցմամբ' միայն Վճռաբեկ դատարանի «դաբրոյով» չառաջնորդվող դատավորների նկատմամբ:
Աղբյուրը' www.hra.am
