Զարուհի Պետրոսյանի գործով դատավարություն. փորձում են առաջ քաշել ինքնասպանության վարկած

Հուլիսի 25-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ամուսնու' Յանիս Սարկիսովի ծեծի հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանի գործով դատավարությունը: Նիստի ընթացքում հարցաքննվեցին Մասիսի գյուղատնտեսական քոլեջի փոխտնօրեն Դավիթ Հակոբյանը, ով Զարուհու դասախոսն է, և Սարկիսովների հարևան Եղիսաբեթ Հովսեփյանը:

Պաշտպանական կողմն ամեն կերպ փորձում է առաջ քաշել այն վարկածը, որ Զարուհի Պետրոսյանը սիրահարված է եղել իր դասախոս Դավիթ Հակոբյանին, ում պատճառով ինքնասպան է եղել: Սարկիսովի փաստաբանը նշեց, որ իրենց կարծիքով՝ Զարուհին ինքնասպանության մասին հաղորդագրություններ է ուղարկել իր ամուսնու եղբոր կնոջ բջջային հեռախոսից և դատարանին միջնորդեց անցկացնել հեռախոսի փորձագիտական հետազոտություն:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, թեև պաշտպանական կողմը պատշաճ չհիմնավորեց, թե ինչո՞ւ պիտի Զարուհին հաղորդագրություններ ուղարկեր իր տեգոր կնոջ հեռախոսից, եթե ուներ իր սեփական հեռախոսը:

Մեղադրող կողմը միջնորդեց հարցաքննել նոր վկաների' քոլեջի մի քանի դասախոսների և ուսանողների, ում հետ Զարուհին կիսվել է իր խնդիրներով և ովքեր կարող են արժեքավոր տեղեկություններ հաղորդել:

Դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 2-ը, ժամը 12:00-ն:

«Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի անդամ, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կանանց աջակցության կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը www.hra.am -ին հաղորդեց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ պաշտպանական կողմն ամեն կերպ ձգձգում է դատավարությունը և մեղամացուցիչ հանգամանքներ հորինում: «Նրանք փորձում են արատավորել Զարուհու անունը, բայց բոլոր վկաները միանշանակ ասում են, որ նա շատ պարկեշտ, բարոյական և առաքինի աղջիկ է եղել»,- նշում է նա:  

Հ.Գևորգյանի փոխանցմամբ' դատարանում Դավիթ Հակոբյանը նշել է, որ իր և Զարուհու միջև եղել են միայն դասախոս-ուսանող փոխհարաբերություններ: Սակայն, Հակոբյանի խոսքերով, ինքը և մյուս դասախոսները Զարուհուն միշտ ավելի հոգատար վերաբերմունք են ցուցաբերել' իմանալով, որ նա մանկատան երեխա է և ծնողներ չունի: Եղել են դեպքեր, երբ զանգել են նրան' իմանալու, թե ինչու դասի չի եկել:

Վկա Եղիսաբեթ Հովսեփյանը և հարցաքննված բոլոր մյուս հարևանները դատարանում տված ցուցմունքներում խուսափում են Յանիս Սարկիսովի կամ նրա մոր դեմ ինչ-որ բան ասել' հերքելով նույնիսկ իրենց նախաքննական ցուցմունքներում հաղորդած տեղեկությունները: «Հարևանները վախենում են, ասում են' «Յանիսը ու նրա մայրը անկանխատեսելի են, մի բառ ավել-պակաս ասենք, բա որ վնասեն մեր ընտանիքներին»: Դրա համար խուսափում են իրականությունը պատմելուց, ասում են' «ոչինչ չենք տեսել, չենք լսել»,- ասում է «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի անդամը:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am