ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բանակն առանց մարդասպանների. բողոքի ակցիա կառավարության շենքի առաջ (վիդեո)

«Բանակն առանց մարդասպանների» ֆեյսբուքյան նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ին բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ Կառավարության շենքի դիմաց՝ սատարելու բանակում սպանված զիծառայողների մայրերին։ Հայտարարության մեջ խմբի անդամները նշել են, որ այս տարվա ընթացքում տեղի է ունեցել 19 սպանություն, մինչդեռ բռնության զոհերիի իրական թիվը շատ ավելին է։
«Պահանջում ենք վերջ տալ բանակում տիրող հանցագործ բարքերին, վերջ տալ քրեադատավարական կեղծիքին և հանցագործների հովանավորչությանը, իրականացնել արդար դատաքննություն արդեն կատարված դեպքերով և խստորեն պատժել մեղավորներին»,- ասված է խմբի տարածած հայտարարության մեջ։
Կառավարության կենտրոնական մուտքից դուրս եկան միայն Արդարադատության նախարարը (նայիր տեսանյութը) և ոստիկանապետը։ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ակցիայի մասնակիցներին ասաց. «Պաշտպանության նախարարի հետ ես այսօր կխոսամ, անպայման թող մարդկանց ընդունի որոշակի պարզաբանում տա, ես չգիտեի, որ դուք դրա մոտ` Սեյրան Օհանյանի մոտ չեք մտել, եթե այս հարցն այսօր այսքան սուր բարձրացնում եք, ես հասկացա, որ դրա կարիքը կա»։
Աղմուկ բարձրացրած դեպքերից ամենավերջինը օգոստոսի 26-ին ԼՂՀ «Եղնիկներ» զորամասի 18-ամյա ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի սպանությունն է։ Նա 9 ամսվա զինծառայող էր։
Նրա հարազատներին ասել են, թե թունավորման ախտանիշներով Աղասիին տեղափոխել են զորամասի բուժմաս, այնուհետև Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ իբր տղան անգիտակից վիճակում կտրուկ շարժում է արել, վայր ընկել մահճակալից և գլուխը ուժեղ հարվածելու հետևանքով մահացել:
Զինծառայողի հարազատները, դիահերձարանում տեսնելով նրա մարմինը, հայտարարել են, որ Աղասին դաժան ծեծի ու բռնությունների է ենթարկվել: Նրանց խոսքերով' տղայի ականջը պոկված է եղել, մարմինը ամբողջությամբ խոշտանգված:
Ըստ դատաբժշկական փորձաքննության' մահվան անմիջական պատճառ է դարձել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումը: Եզրակացության մեջ ևս հաստատվում են Ա.Աբրահամյանի մարմնի վնասվածքները' արյունազեղումներ, քերծվածքներ և սալջարդ վերքեր գլխի, իրանի, վերջույթների շրջանում:
Օգոստոսի 30-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնապես հաստատեց, որ Աղասի Աբրահամյանը դաժան ծեծի է ենթարկվել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելը, որն առաջացրել է մահ): Ձերբակալվածների թիվը և անունները նախաքննության շահերից ելնելով առայժմ չի հրապարակվում: ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանի հայտնած տվյալներով` ձերբակալվել են 2 հոգի` մեկ զինվոր և մեկ սպա: Շրջանառվող լուրերի համաձայն ձերբակալվել է նաև զորամասի բուժակ Նվեր Միրզաբեկյանը` սխալ բժշկական եզրակացություն տալու մեղադրանքով:
Մերի Ալեքսանյան
Կարինե Իոնեսյան
Լուսանկարները՝ Սոֆյա Մանուկյանի
Աղբյուրը՝ www.hra.am
