ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարիամ Սուխուդյանը կդիմի Եվրադատարան
Հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը սպառել է ներպետական բոլոր դատական ատյանները և պատրասվում է գանգատ ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նա դիմել էր դատարան' ՀՀ ոստիկանությունից պահանջելով 1 միլիոն ՀՀ դրամ' որպես անմեղության կանխավարկածի խախտմամբ պատճառված բարոյական վնասի փոխհատուցում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 07.02.2011 թ. մերժել է Սուխուդյանի հայցը' հիմնավորելով, որ ներպետական օրենսդրության մեջ առկա չէ բարոյական վնասի փոխհատուցման կարգ:
ՀՀ Վերաքննիչ դատարանը 20.05.2011թ. անփոփոխ էր թողել առաջին ատյանի կայացրած որոշումը, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը 13.07.2011թ. վերադարձրել էր Մարիամ Սուխուդյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը' այն համարելով անհիմն:
Հիշեցնենք, որ 2009 թ. հատուկ դպրոցի մանկապիղծ ուսուցչի շուրջ ստեղծված աղմուկից հետո քրեական գործ հարուցվեց Մարիամ Սուխուդյանի դեմ' զրպարտության հոդվածով: Նախաքննության փուլում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրապարակավ հայտարարել էր, որ Մարիամ Սուխուդյանն անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց և անչափահասներին դրդել պատժելի արարքների։ Իսկ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Տարեգիր» թերթին տված հարցազրույցում Սուխուդյանին անվանել էր «հանցագործ»:
Աղբյուրը' www.hra.am
