«Երկիր» թերթը մտորում է՝ իմաստ ունի՞ վճռաբեկ բողոք ներկայացնել

Օգոստոսի 24-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի և «Երկիր» օրաթերթի վերաքննիչ բողոքները և ուժի մեջ է թողել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին առաջին ատյանի դատարանը Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Երկիր» օրաթերթի բավարարել էր մասամբ' օրաթերթին պարտավորեցնելով 288 հազար դրամ վճարել' 200 հազարը պատգամավորի հասցեին արված' պատիվն ու արժանապատվությունը վիրավորող «լակոտ» բառի, իսկ 88 հազարը' դատական ծախսերի համար, նաև' թերթում հրապարակել վճռի եզրափակիչ մասը:

Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը www.hra.am -ին հայտնեց, որ իրենք պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել և պնդելու են իրենց նախորդ հայցը' պահանջելով «Երկիր» օրաթերթից բռնագանձել 3 միլիոն դրամ որպես վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով նրա պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում և ևս 568 հազար դրամ' որպես դատական ծախսերի փոխհատուցում:

«Երկիր» թերթի խմբագիր Բագրատ Եսայանն ասաց, որ Վճռաբեկ դատարան դիմելու հարցը դեռ քննարկվում է: «Եթե առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը Վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ, իմաստ ունի՞ նույնաբովանդակ վճռաբեկ բողոք ներկայացնել, թե՞ ոչ. սա ենք մենք քննարկում»,- www.hra.am -ին մեկնաբանեց «Երկիրի» խմբագիրը:

Աղբյուրը' www.hra.am