Զինվորի մահվան գործով կալանավորվել է նաև մի զինծառայող

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 5-ին բավարարել է ԼՂՀ «Եղնիկներ» զորամասի զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված ժամկետային զինծառայողի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:

Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար' «Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով»:

Ըստ Քրեական օրենսգրքի, այս արարքը պատժվում է կալանքով' առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով' առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ' առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ օգոստոսի  26-ին մահացած զինվոր Աղասի Աբրահամյանը դաժան ծեծի է ենթարկվել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելը, որն առաջացրել է մահ):

Սեպտեմբերի 3-ին նույն գործով կալանավորվել է մի սպա, ում մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանազանցություն, իշխանության չարաշահում:

Բժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն երկու օրից, որի արդյունքում, ըստ զինդատախազության՝ հնարավոր է մեղադրանքները փոխվեն, եթե պարզվի, թե կոնկրետ որ հարվածն է մահացու եղել:

Քննչական մարմնի հաղորդած տվյալներով՝ Աղասի Աբրահամյանը ծեծկռտուքի մեջ է ընկել զորանոցի մոտ, այնուհետև տեղափոխվել բուժկետ, որտեղ նույնպես ենթարկվել է բռնության:

Աղբյուրը՝ www.hra.am