ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համաներված հոգևոր հովիվն իրեն մեղավոր չի ճանաչում և դիմել է Վերաքննիչ դատարան
«Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» Սևանի տեղական միավորի հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել այն վճիռի դեմ, որով իրեն մեղավոր են ճանաչել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար: Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունը նշանակված է սեպտեմբերի 13-ին' ժամը 16:00-ին:
Նշենք, որ հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վլադիմիր Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը) և 200.000 դրամ տուգանք նշանակել հօգուտ «Շանթ» հեռուստաընկերության: Միևնույն ժամանակ դատարանը կիրառել է ՀՀ անկախության հռչակման տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և Բաղդասարյանին ազատել է նշանակված պատժից:
Հիշեցնենք, որ 2010-ի նոյեմբերին «Շանթ»-ի նկարահանող խումբը (լրագրող' Արփի Սուքիասյան, օպերատոր' Էդուարդ Պետրոսյան) մտել է Սևանի նախկին կինոթատրոնի շենք և նկարահանումներ է կատարել' առանց պատշաճ ներկայանալու և թույլտվություն ստանալու։ Ներկայումս մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքի համասեփականատեր Վլադիմիր Բաղդասարյանը նրանց շենքից դուրս է հրավիրել, սակայն լրագրողները չեն ենթարկվել, որի արդյունքում վիճաբանություն է առաջացել։ «Շանթի» օպերատորի խոսքերով՝ Վ. Բաղդասարյանը քաշքշել ու ապտակել է իրեն։
Կրոնական կազմակերպության կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը (սեփականության իրավունքը խախտելու հիմքով) ընթացք չի տրվել, փոխարենը՝ դատախազությունը տեսանյութի հիման վրա քրեական գործ է հարուցել Վլադիմիր Բաղդասարյանի դեմ։
Նախաքննության և դատավարության ընթացքում կրոնական կազմակերպության հոգևոր հովիվը, նրա փաստաբանները և աջակիցները տարբեր առիթներով հայտարարել են, որ քրեական գործը շինծու է' կրոնական անհանդուրժողականության ու խտրականության արդյունք:
«Ամբողջ գործում նշված է, որ «աղանդավորները խոչընդոտել են» և «աղանդավոր» բառը շատ է շեշտվում վարույթն իրականացնող մարմինների որոշումների մեջ, ինչը ապացուցում է, որ Վլադիմիր Բաղդասարյանը հետապնդվել է՝ որպես կրոնական կազմակերպության ներկայացուցիչ, և այս կերպ փորձել են սահմանափակել նրա գործունեությունը և արատավորել նրան ու իր կազմակերպության անունը»,- ավելի վաղ www.hra.am -ին մեկնաբանել էր Վ.Բաղդասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը' հավելելով, որ եթե տեղական դատարաններում չհասնեն արդարացման վճռի, պատրաստ են գնալ մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am
