Վերաքննիչը մերժեց գործ հարուցել կեղծիքներ թույլ տալու մեջ կասկածվող քննիչի նկատմամբ

Սեպտեմբերի 9-ին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (դատավոր՝ Աիդա Հովհաննիսյան) մերժեց 2007 թ. Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի զորամասում կասկածելի հանգամանքներում մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի իրավահաջորդի հայցը։

Տիգրանի հայրը՝Սուրեն Օհանջանյանը դիմել է դատարան՝ պահանջելով քրեական գործ հարուցել որդու մահվան գործով նախկին քննիչ Գնել Մանուկյանի նկատմամբ։ Տուժողի իրավահաջորդի պնդմամբ՝ քննիչը ապօրինի գործողություններ է կատարել, կեղծել է դեպքի վայրը, ժամը, իրեղեն ապացույցները՝ մահվան իրական հանգամանքների բացահայտմանը խոչընդոտելու և էլեկտրահարման վարկածն առաջ տանելու նպատակով։

Օհանջանյանի ծնողների խոսքերով՝ Գնել Մանուկյանը Տիգրանի զինվորական հագուստը փորձաքննության չի ուղարկել։ Երկու ամիս հետո, ծնողների բողոքի ճնշման տակ, քննիչը փորձաքննության է ուղարկել մի զինվորական համազգեստ, որը ո՛չ չափով, ո՛չ տեսքով չի համապատասխանում գործում եղած լուսանկարներում երևացող փոշոտ և պատառոտված համազգեստին (երեք չափս փոքր է և բոլորովին նոր)։

Նախաքննական մարմինը աչք է փակել Տիգրանի մարմնի բռնության հետքերի վրա, որոնք պարզ երևում են դիահերձարանում ծնողների կողմից արված լուսանկարների մեջ, իսկ դատաբժկի կողմից արված լուսանկարներում շպարի տակ են։  Իրեղեն ապացույց համարվող ձգալարը, որին, ըստ քննիչի՝ դիպչել և հոսանքահարվել է Օհանջանյանը, օրենքով սահմանված կարգով չի առգրավվել։ Իսկ փորձաքննությունը դրա վրա ոչ մի հետք չի հայտնաբերել։ Հետագայում քննիչը խոստովանել է, որ ձգալարը ոչ թե դեպքի վայրից, այլ՝ պահեստից է վերցրել։

Մոտ մեկ տարի և յոթ ամիս տևած դատաքննությունից հետո Վճռաբեկ դատարանը հերքել է էլեկտրահարման վարկածը և գործն ուղարկել նոր քննության, որը վարում է քննիչ Լևոն Պետրոսյանը։

Վարույթն իրականացնող մարմինը կրկին առաջ է քաշել էլեկտրահարման վարկածը։  Նախաքննությանը զուգահեռ Սուրեն Օհանջանյանը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Գնել Մանուկյանի կատարած գործողություններին դատարանը համարժեք գնահատական տա։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մերժումից հետո դիմել է վերաքննիչ ատյան։

Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել դատախազը և քննիչը՝ պատճառաբանելով, որ գերծանրաբեռնված են, և գրությամբ խնդրել էին գործի քննությունը շարունակել իրենց բացակայությամբ։ Իսկ այն պատասխանը և այն նյութերը, որ վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է դատարան, ըստ Օհանջանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի, վերաբերելի չեն գործին։ Նրա խոսքերով՝ դատախազության ներկայացրած նյութերը վերցված են Տիգրան Օհանջանյանի մահվան հանգամանքները քննող գործից, որին այս բողոքի շրջանակներում պետք չէ  անդրադառնալ։

«Դատարանը վարույթն իրականցնող մարմինին անընդհատ հորդորում է նյութեր բերել։ Չեն բերում, որովհետև իրականում չունեն։ Հանցագործության մասին մեր հաղորդումը ընդհանրապես առանց քննության է մնացել, նյութեր չեն նախապատրաստվել, նույնիսկ քրեական հետապնդում իրականացնելու որոշում չի եղել։ Նախորդ նիստին քննիչն ասաց, որ մահվան հանգամանքների բացահայտման գործի շրջանակներում է այս մեր հաղորդումը քննարկման առարկա դարձրել, որն անթույլատրելի է և չի բխում դատավարության նորմերից»,- ասում է փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Տիգրան Օհանջանյանի իրավահաջորդը բողոքարկելու է այսօր կայացված որոշումը։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am