ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խաղաղ պայմաններում մահացած զինվորներն այսօր «քայլում էին» Երևանի փողոցներով (վիդեո)

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորներն այսօր «քայլում էին» Երևանի գլխավոր փողոցներով։ Որդի կորցրած սևազգեստ մայրերը և տասնյակ քաղաքացիներ մահացած զինվորների նկարները գլխավերևում պարզած՝ ՀՀ պետական մարմիններից պահանջում էին արդարություն և մեղավորների պատիժ։
«Սևազգեստ բանակ» բողոքի ակցիայի մասնակից սևազգեստ մայրերին, ովքեր այսօր'սեպտեմբերի 8-ին, երթի էին դուրս եկել Հանրապետության հրապարակից մինչև ՀՀ նախագահի նստավայր իրենց որդիների սպանությունները բացահայտելու պահանջով, ոչ մի պետական պաշտոնյա չարձագանքեց: Միայն նախագահական նստավայրի մոտ, երբ ծնողների մեծ մասն արդեն հեռացել էր շենքի մոտից, մոտեցել է պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը և հրավիրել նախարարություն՝ զրույցի:
Սոցիալական ցանցերի բարձրացրած աղմուկից հետո, սա երկրորդ խոշոր միջոցառումն էր Facebook սոցիալական ցանցի «Բանակն իրականում» խմբի և քաղաքացիական այլ ակտիվիստների կողմից կազմակերպված. նրանք պահանջում են բացահայտել բանակային սպանությունները, պատժել մեղավորներին և բանակում կարգուկանոն ապահովել դժբախտ դեպքերը կասեցնելու նպատակով։
Ինչպես www.hra.am -ին հաղոդեց շարժման ակտիվիստներից Լալա Ասլիկյանը՝ իրենք պատրաստվում են ամեն հինգշաբթի միանալ ՀՀ կառավարության շենքի առջև բողոքող ծնողներին, իսկ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Կոնգրես հյուրանոցում կանցկացվի հատուկ կլոր սեղան, որի ժամանակ փաստաբաններ և այլ մտահոգ քաղաքացիներ կներկայացնեն բանակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը` www.hra.am
