Զինվորի մահը վրա է հասել գլխուղեղի վնասվածքից. մեղադրանքները դեռ չեն փոխվել

Արդեն պատրաստ է օգոստոսի 26-ին սպանված Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող 18-ամյա Աղասի Աբրահամյանի մահվան դատաբժշկական եզրակացությունը: 

«Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Աղասի Աբրահամյանի մահն ուղղակի պատճառական կապի մեջ է  գլխուղեղի կենսականորեն կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից փակ, բութ գանգուղեղային վնասվածք ստանալու հետ: Մեղադրյալներից որևէ մեկի նկատմամբ մեղադրանք դեռևս չի փոփոխվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,– www.hra.am -ին փոխանցեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Աշխեն Թումանյանը:

Հիշեցնենք, որ Աղասի Աբրահամյանի մահվան գործով կալանավորված է մեկ զինվոր և 3 սպա։ Սպաներին մեղադրանք է առաջադրվել Քր.օր. 375 հոդվածով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), իսկ զինծառայողին՝  359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Օգոստոսի 30-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անձամբ պաշտոնապես հաստատել է, որ Աղասի Աբրահամյանը դաժան ծեծի է ենթարկվել: Իսկ Զինվորական դատախազը հավաստիացրել է, որ «յուրաքանչյուր անձ, դեպքի յուրաքանչյուր մասնակից խստագույնս ենթարկվելու է պատասխանատվության՝ անկախ կոչումից, դիրքից»:

Աղբյուրը՝ www.hra.am