Փոստանջյանի գործը մտավ դատաքննության փուլ

Սեպտեմբերի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Ռուբեն Ներսիսյան) շարունակվեց Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի գործով դատավարության նախապատրաստական փուլը: Փոստանջյանը հայց է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազության դեմ և պահանջում է պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը հերքելու իր կայքում այս տարվա փետրվարի 18-ին և մարտի 12-ին հրապարակած և ԶԼՄ-ներին տարածած 2 հաղորդագրությունները, որտեղ գրված է, որ Տիգրան Փոստանջյանը «ապօրինի պահանջել և ստացել է 100.000 դրամ վարձատրություն» և պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի համար բռնագանձել 12 միլիոն դրամ:

Դատավարությանը որպես երրորդ կողմ ներգրավված ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը թեև պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր ներկայացել: Դատարանը գտավ, որ նիստը կարող է շարունակվել Ֆինանսների նախարարության ներկայացուցչի բացակայությամբ:

Ո՛չ հայցվոր, և ո՛չ էլ պատասխանող կողմը նոր ապացույցներ չներկայացրեցին: Դատարանը որոշեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը, գործը համարեց դատաքննությանը նախապատրաստված և նշանակեց դատաքննություն հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ ներկայումս Տիգրան Փոստանջյանի գործով 4 բողոք գտնվում է Վերաքննիչ ատյանում, ևս մեկը Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը պատրաստվում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am