Ապօրինի ծառահատում մայրաքաղաքի կենտրոնում. ծառահատները եղել են Կենտրոն կանաչապատման հատուկ համազգեստներով (վիդեո)

Երևան քաղաքի Տերյան 62 շենքի բակում ծառահատումները պաշտոնապես դադարեցվեցին, բայց տասից ավելի ծառեր արդեն իսկ չկան։ Բնակիչների ասելով՝ 16 ծառ է կտրվել, քաղաքապետարանի տվյալներով՝ 11։

Հնարավոր է, որ մնացած ծառերը ևս կտրվեին, ինչպես բնակիչներն են ասում, այդ տարածքում ավտոկայան կառուցելու նպատակով, եթե նրանք աղմուկ չբարձրացնեին։

«Այս շենքում միշտ ապրել են մտավորականներ, ում համար միևնույն չէ իրենց բակում եղած կանաչ տարածքի ճակատագիրը»,- ասում է շենքի բնակիչ Մարիամ Չիլինգարովան։

Բնակիչները բակի բարեկարգման համար դիմել են քաղաքապետարանին և, տեսնելով որ երկու հոգի Կենտրոն կանաչապատման հատուկ համազգեստներով աշխատում են այգում, մտածել են՝ եկել են բակը բարեկարգեն, ոռոգման համակարգը վերակառուցեն։

«Բայց երբ բակ իջա, տեսա, որ 16 ծառ են հատել»,- զայրանում է Չիլինգարովան։

Նրանք դիմել են Երևանի քաղաքապետարան, Կենտրոն վարչական շրջան, ոստիկանություն, որտեղ իրենց պատասխանել են, որ չգիտեն՝ ով է կտրել ծառերը և ինչու։

Բնակիչների բողոքից ու «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի տարածած ահազանգից հետո Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը  պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ դեպքի մասին տեղեկացվել է Բնապահպանության տեսչության Երևանի տարածքային բաժինը և Կենտրոնի ոստիկանությանը։Կատարվում է նախաքննություն։

Իսկ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ՝ նույն տարածքը աշնանային ծառատունկի ժամանակ կլրացվի նոր՝ 13 տնկիներով։

Կարինե Իոնեսյան

Նկարը` «Մենք ենք այս քաղաքաի տերը» քաղաքացիական նախաձեռնության էջից

Աղբյուրը՝ www.hra.am