ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փորձագետները հաստատել են նախկինում հրապարակած տվյալները

Զարուհի Պետրոսյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ՝ սեպտեմբերի 30-ին, Արարատի մարզի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվել են դիակի դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն կատարող փորձագետները, ովքեր կրկնել են նախորդ փորձաքննության տվյալները։
Հիշեցնենք, 2010թ. հոկտեմբերի 1-ին «էրեբունի» հիվանդանոցում ոչ պաշտոնական վարկածով, հարազատների պնդմամբ՝ ամուսնու՝ Յանիս Սարկիսովի ծեծի հետևանքով մահացել է 20-ամյա Զարուհի Պետրոսյանը։
«Նրանք բացասական են պատասխանել այն հարցին, թե կարո՞ղ էր Զարուհի Պետրոսյանը թունավորված լիներ։ Նաև պատասխանել են, որ Պետրոսյանի մարմնի վնասվածքները չէին կարող առաջանալ աստիճանից վայր ընկնելու արդյունքում»,- www.hra.am -ին հաղորդեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գոռ Մարգարյանը։
Փորձագետները նշել են, որ պաշտպանական կողմի այն պնդումները, թե արյան առկայությունը ստամոքսում ու մանրաթելային կորոզիան թունավորման հետևանք է՝ միանշանակ չեն։ Պետրոսյանը ունեցել է աղեստամոքսային տրակտ, որից ևս կարող էին առաջանալ այդ հետևանքները։
Փորձագետները նորից շեշտադրել են, որ Պետրոսյանը գլխուղեղային բութ հարվածից առաջացած վնասվածք է ստացել, որը բերել է կենսական սուր խանգարումների։
«Պաշտպանության կողմը մի քանի միջնորդություն ներկայացրեց՝ կանչել ու հարցաքննել Էրեբունի բժշկական կենտրոնի այն բժիշկներին, ովքեր վիրահատել են Զարուհուն, որը մերժվեց, քանի որ փորձագետները, ըստ էության, պատասխանել էին գործի համար էական նշանակություն ունեցող հարցերին»,- հայտում է Մարգարյանը։
Պաշտպանության կողմը խնդրել է անցկացնել արտաշիրիմում, որին տուժողի իրավահաջորդը դեմ է արտահայտվել։
Պաշտապանության կողմը միջնորդել է նաև դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնել Յանիս Սարկիսովի համար, որ պարզի հանցագործություն կատարելու ժամանակ նա եղել է աֆեկտի վիճակում, թե՝ ոչ։ Բայց քանի որ Սարկիսովը չի ընդունում, որ մեղավոր է, դատարանը այդ միջնորդությունը չընդունեց։
Հաջորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 14-ին, դատաքննությունը կմտնի դատավարական վիճաբանությունների փուլ։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
