ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԻՊ միջնորդությամբ կասեցվել է 22 կրպակի ապամոնտաժում

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 6 ամսվա ընթացքում Երևանի տարածքում գտնվող 75 կրպակների սեփականատերերից ստացել է 56 անհատական և 1 կոլետիվ բողոք. տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Անհատական դիմումների ուսումնասիրության արդյունքում պարզվել է.
- 7 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող հստակ և դեռևս չսպառված ժամկետով փաստաթղթեր:Այս կրպակների ապամոնտաժումն ապօրինի է:
- 15 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող անորոշ ժամկետով փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումը կարող է լինել օրինական միայն երեք ամիս առաջ սահմանված կարգով կրպակների սեփականատերերին ծանուցելու դեպքում:
- 25 կրպակատերեր չունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող իրավաչափ փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումն օրինական է:
- 9 դիմումներ դեռևս ուսումնասիրության փուլում են:
Նշված ուսումնասիրությունների և Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքում կասեցվել է 56 կրպակներից 22-ի ապամոնտաժումը: ՄԻՊ գրասենյակը դրական է գնահատում Պաշտպանի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի գործակցության ներկայիս արդյունքները, ինչպես նաև քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ ապամոնտաժման գործընթացում ուսումնասիրել յուրաքանչյուր կրպակի իրավական հիմքերը և պահպանել օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը:
ՄԻՊ-ը մտահոգվելով առանց օրինական հիմքերի գործող կրպակների սեփականատերերի սոցիալական վիճակով՝ առաջարկում է ՀՀ կառավարությանը հնարավոր միջոցներ ձեռնարկել անապահով կրպակատերերի ընտանիքների կենսապահովման խնդիրների լուծման համար:
19 կրպակատերեր դիմել էին մարդու իրավունքների պաշտպանին՝ ՀՀ սահմանադրական դատարանում կրպակների ապամոնտաժման գործընթացի օրինականությունը վիճարկելու խնդրանքով։ Դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հիմքեր չկան, քանի որ ՀՀ Սահմանադրության 100 և 101 հոդվածների համաձայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն նորմատիվ ակտերի սահմանադրականությունը, իսկ կրպակների ապամոնտաժումը գործընթաց է, որի իրավական հիմքում եղած ՀՀ քաղաքաքացիական օրենսգրքի հողի վարձակալությանն առնչվող դրույթներն ինքնին հակասահմանադրական չեն:
Աղբյուրը՝ www.hra.am
