ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տրանսպորտի նախարարությունը բաց է համագործակցության համար (վիդեո)

«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 4-ին իրականացրեց բողոքի ակցիա՝ պահանջելով Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրաժարականը:
Ակցիայի մասնակիցները բողոքում էին Հայաստանում տրանսպորտային սպասարկման որակից, ճանապարհների անբարեկարգությունից, հին մեքենաների շահագործումից և այլն: Քանի որ երկար ժամանակ է բարձրաձայնում են այս խնդրների մասին, սակայն դրանք մնում են չլուծված, նրանք պահանջում են նախարարի պաշտոնանկություն:
Նախաձեռնող խումբը պատրաստվում էր նախարարի դիմում-հրաժարականի տեքստը հանձնել նախարարին' գցելով այն նախարարության փոստարկղը, սակայն ոչ միայն նախարարության, այլև հարակից փոստատան աշխատակիցները փակել էին մուտքի դռները: Արդյունքում մի շարք քաղաքացիներ ևս չունեին մուտք փոստատուն:
Այնուամենայնիվ, երբ ակցիայի մասնակիցների մեծամասնությունը հեռացել էր, նախարարության դռները բացվեցին և նախաձեռնության ներկայացուցիչներից մեկին' Անուշ Քոչարյանին, թույլ տվեցին մտնել նախարարության շենք' բանակցելու խնդրի շուրջ. «Կապի և տրանսպորտի նախարարության մամլո խոսնակ Պետրոս Դեմիրճյանն ասել է, որ այն հասարարական շահը, որի մասին խոսում ենք, իրենց էլ է շատ հետաքրքրում, և որպես ապացույց' ցույց տվեց կազմած արձանագրությունը, որտեղ նախաձեռնող խմբի հետևողական աշխատանքի և թեժ գծին ստացված բողոքների շնորհիվ դիտողություն է արվել Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզերի երթուղիները սպասարկող ընկերություններին»:
Պետրոս Դեմիրճյանը նաև հայտնել է, որ իրենք միշտ պատրաստ են նման լուրջ քաղաքացիական նախաձեռնությունների համար բաց լինել, քանի որ թե նախարարությունը, թե նախաձեռնությունը գտնվում են բարիկադների նույն կողմում:
«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները հայտարարեցին նաև, որ շարունակելու են աչալուրջ վերահսկողությունը տրանսպորտի սպասարկման ոլորտում:
Սոֆյա Մանուկյան
Աղբյուրը՝ www.hra.am
