Հայաստանի ժողովրդավարացման կարևոր խթանիչ պետք է լինի ոչ թե ԵՄ ինտեգրվելը, այլ` սեփական երկիրը բարելավելու ձգտումը

Եվրոպական ինտեգրացիայի և ժողովրդավարացման բնույթի և մարտահրավերների մասին հոկտեմբերի 6-ին քննարկում էր ծավալվել «Ինչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» թեմայով  եռօրյա համաժողովի ընթացքում։

Միջազգային փորձագետները մասնավորապես քննարկեցին Արևելյան գործընկերության տեղը և դերը հետխորհրդային երկրների կազմավորման և նրանցում ժողովրդավարության ամրապնդման գործընթացներում' քաղաքացիական հասարակությունը օգտագործելով որպես գործիք:

Սրջիան Դյուրովիչը՝ Կիրառական Եվրոպագիտության կենտրոնի տնօրենը, ընդգծեց, որ պետք է հասկանալ՝ ինչ ենք ակնկալում Եվրամիությունից. «Արդյոք սպասում ենք, որ կդառնանք ժողովրդավա՞ր, թե՞ մեզ կդարձնեն ժողովրդավար»։ Այս հարցի պատասխանը կհստակեցնի, թե ինչպիսի հետագա քայլեր պիտի ձեռնարկեն տվյալ երկրի հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը՝ ուղղորդելով կառավարությանը դեպի ժողովրդավարություն:

«Անհրաժեշտ է նաև հասկանալ, որ ԵՄ ինտեգրվելուց հետո էլ պարզապես հետևել ԵՄ կանոններին չի կարելի, անհրաժեշտ է մասնակցել այդ կանոնների ստեղծմանը»,- նշեց Սրջիան Դյուրովիչը։

Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը ավելացրեց, որ քաղաքացիական հասարակությունը կարևոր լծակ է, սակայն էական է, թե որքանով են եվրամիության կառույցները խորհրդատվություն տրամադրում այդ հասարակությանն ավելի քննադատական լինելու համար. «Անհրաժեշտ է դա անել ըստ սեկտորների, հերթականությամբ, որպեսզի բոլորին ներգրավվենք  գործընթացում,-նշեց դեսպանը,-Հայաստանի համար ժողովրդավարացման կարևոր խթանիչ է ոչ թե ԵՄ ինտեգրվելը, այլ պարզապես սեփական երկիրը բարելավելու ձգտումը»։

Բանախոսներից Դացե Ակուլեն («Պրովիդիուս» Հանրային Քաղաքականության Կենտրոն, Լատվիա) ավելացրեց, որ ԵՄ-ն պարզապես վիզայի վերացում կամ ապրանքների, մարդկանց և ծառայությունների ազատ տեղափոխում չէ. «Դա նաև որոշումների կայացման ոլորտ է, և ոչ մի երկիր չպետք է պարզապես ընդունի այն, ինչ տալիս է ԵՄ-ն, այլ պետք է ակտիվ մասնակցի որոշումների կայացմանը և իրագործմանը»:

Ժաքլին Հեյլը՝ հանրային քաղաքականության ավագ վերլուծաբանը Բրյուսելից, ավելացրեց. «ԵՄ-ն պետք է չմոռանա, որ ոչ թե պարզապես ֆինանսավորում է քաղաքացիական հասարակությանը կամ հասարակական կազմակերպություններին, այլ կատարում է ներդում քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության կայացման մեջ»:

Թեև Եվրոպան գիտակցում է այս մասին, սակայն բազում խնդիրներ կան, որոնց առջև կանգնած է ողջ Եվրամիությունը, և դա նախևառաջ կապված է ԵՄ-ի' որպես նախագծի վտանգված լինելու հետ՝ թե ֆինանսական պատճառներով, թե արտաքին քաղաքականության:

«Վերջիվերջո այնքան էլ հեշտ չէ նախկին ԽՍՀՄ երկրներին նոր գաղափարներ թելադրել և անմիջապես դրանց իրականացմանը սպասել», -նշեց քննարկման մոդերատոր Միջազgային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելետրոզը:

Սոֆյա Մանուկյան
Աղբյուրը՝ www.hra.am