ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընդդիմությունը շարունակում է նստացույցը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) շարունակում է շուրջօրյա հանրահավաքը Ազատության հրապարակում: Ոստիկանությունն էլ կրկին տեղեկացնում է, որ հանրահավաքն անօրինական է, և կոպտորեն խախտում է հասարակական կարգը:
Հիշեցնենք' ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն անցած ուրբաթ՝ սեպտեմբերի 30-ին, Ազատության հրապարակում հայտարարեց մեկ շաբաթյա շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը՝ իշխանության առջև դնելով ութ պահանջ: ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ նստացույցն անօրինական է, և մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության, սակայն հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում կաջակցի հավաքի անցկացմանը:
Ոստիկանությունը մեկ շաբաթվա ընթացքում, իսկապես, չխոչընդոտեց Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարներին: Չնայած, որ բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծված Հայաստանի մարզերից մայրաքաղաք գնացողների համար՝ հանրահավաքի անցկացման առաջին իսկ օրից: Բազմաթիվ են ահազանգերն այն մասին, որ մարզային երթուղիները կաթվածահար են, նույնիսկ մարզաբնակ ուսանողները մեծ դժվարությամբ են հասնում Երևանում գտնվող բարձրագույն հաստատություններ. ուսանողական ավտոբուսները կանգնեցվում և ստուգվում են ոստիկանության աշխատակիցների կողմից, իսկ սովորական քաղաքացիներին սպասարկող երթուղայինների վարորդները դուրս չեն գալիս աշխատանքի:
Հոկտեմբերի 7-ին Ոստիկանությունը կրկին հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հավաքի մասնակիցները, անտեսելով ոստիկանության օրինական պահանջները, Ազատության հրապարակը չեն ազատել տեղադրված վրաններից' դրանով իսկ սահմանափակելով այդ տարածքի մատչելիությունն այլ անձանց համար:
«Անօրինական հավաքի կազմակերպիչները և մասնակիցները հերթական անգամ տեղեկացվում են, որ հասարակական կարգի անհամաչափ խախտման դեպքում ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը»,- ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:
Աղավնի Եղիազարյան
Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի
Աղբյուրը՝ www.hra.am
