Նստացույցը դադարեցվել է

Այսօր՝ հոկտեմբերի ութին, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)  դադարեցրեց ութ օր տևած հանրահավաք-նստացույցը: 

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց ժամանակավորապես դադարեցնել միջոցառումը և «պահանջված պահին պատրաստ լինել անժամկետ նստացույցի»:

Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ անցած ութ օրերի ընթացքում Ազատության հրապարակում տեղադրված վրաններում գիշերել է 1000 մարդ, ևս 1000-ը գիշերել են հրապարակի նստարաններին, իսկ շուրջօրյա հանրահավաքներին մասնակցել է 100 հազար մարդ:

Այսօրվա հանրահավաքին ներկայացվեց «Շուրջօրյա հանրահավաք-նստացույցերի բանաձև»-ը, համաձայն որի՝  ամենակարևոր նվաճումը  2008 թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո վախի մթնոլորտի հաղթահարումն էր և, որ ՀԱԿ-ը միակ ուժն է, որը Սահմանադրությունը վերականգնելու խնդիր է դրել' արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու համար:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի  սեպտեմբերի 30-ի հրավիրած հանրահավաքը վերածվել էր նստացույցի: Մեկ շաբաթ անց նախապես հայտարարված 7-օրյա նստացույցը չէր դադարել, և ցուցարարները հակված էին շարունակել այն: Նստացույցի  ութ օրերի ընթացքում Ոստիկանությունը երկու անգամ պաշտոնապես հայտարարել էր , որ «նստացույցն անօրինական է»:

Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի
Աղբյուրը՝ www.hra.am