ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վերաքննիչի վճիռը՝ հօգուտ Քոչարյանների. «Ժամանակի» կարծիքով՝ խախտվել է արդար դատաքննության սկզբունքը

Հոկտեմբերի 11-ին ՀՀ վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր Ամրահի Պետրոսյան) որոշեց ամբողջությամբ մերժել «Ժամանակ» օրաթերթի վերաքննիչ բողոքը: Դատարանը պարտավորեցրեց հերքում տպագրել և փոխհատուցել 3 մլն դրամ՝ վիրավորանքի և զրպարտության համար։
«Դատական նիստի ժամանակ օրինականության սկզբունքը չի պահպանվել, որովհետև դեռ դատավորությունը չավարտված դատարանի կազմի մեջ ընդգրկված դատավոր Դանիել Խաչատրյանն արդեն իսկ կարծիք էր հայտնում, որ իմ ներկայացրած ապացույցը (խոսքը Վերաքննիչ դատարանում գործի միջից անհայտացած տեղեկանքի մասին է- Մ.Ա.) ոչ մի նշանակություն չունի, իրենք միևնույն է դրան ոչ մի գնահատական չեն տալու, հետևաբար իզուր եմ պնդում, որ այդ փաստաթուղթը պետք է դիտարկվի որպես ապացույց և դրվի գործի մեջ»,- մեկնաբանում է «Ժամանակի» փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Առաջին ատյանում գործին կցված տեղեկանքը Վերաքննիչ դատարանում անհայտ հանգամանքներում կորել է և որպես ապացույց չի հետազոտվել դատարանի կողմից, թեև Բաղդասարյանը պնդել է, որ դա իրենց համար կարևոր ապացուցողական արժեք ունի: Ավելին՝ ապրիլի 20-ի նիստի ձայնագրության այն հատվածը, որտեղ խոսվում է այդ տեղեկանքի՝ գործին կցված լինելու մասին, ջնջվել է:
«Այդ տեղեկանքը պիտի ապացուցեր, որ արդեն իսկ նախապես որոշված է եղել, թե ինչպես դատարանը պետք է Քոչարյանների հայցը բավարարի և մերժի մեր փաստարկները, ինչը վկայում է նրա մասին, որ դատարանը չի պահպանել արդար դատաքննության սկզբունքը: Այդ ապացույցի պայմաններում Վերաքննիչը պետք է առնվազն բեկաներ առաջին ատյանի դատարանի վճիռը և գործը ուղարկեր հետ՝ նոր դատավորի կողմից քննության առնելու համար»,- ասում է «Ժամանակ» օրաթերթի փաստաբանը:
Նիկոլայ Բաղդասարյանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան, որից հետո դիմելու է նաև Սահմանադրական դատարան, քանի որ կարծում է, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածը անորոշ է ձևակերպում «վիրավորանք» հասկացությունը և փոխհատուցման չափը, ինչը տարաբնույթ մենկաբանությունների տեղիք է տալիս:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները դատական հայց են ներկայացրել «Ժամանակ» օրաթերթում 2010թ. սեպտեմբերին տպագրված 3 հրապարակումների համար և պահանջում են հերքել իրենց պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորող տեղեկությունները, և որպես վնասի փոխհատուցում վճարել 6 միլիոն դրամ: Հունիսի 6-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել էր Քոչարյանների հայցը՝ մերժելով միայն փաստաբանական ծախսերի համար պահանջվող 3 միլիոն դրամի պահանջը: Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի վճիռը թողել է անփոփոխ:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
