ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կրոնական կազմակերպության ներկայացուցչի միջնորդությունները մերժվում են
Նոյեմբերի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (նախագահող դատավոր՝ Եվա Դարբինյան) լսվեց «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» Սևանի տեղական միավորի հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք, որ Բաղդասարյանին Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչտնդոտելու համար և 200.000 դրամ տուգանք նշանակել: Միևնույն ժամանակ, կիրառելով համաներման ակտը, ազատել էր նշանակված պատժից:
Այսօր կայացած նիստի ժամանակ Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը բացարկ է ներկայացրել մեղադրողի՝ դատախազ Ֆրեդերիկ Բաղդասարյանի դեմ: Դատարանը, հեռանալով խորհրդակցության սենյակ, որոշել է մերժել բացարկի միջնորդությունը: Նմանատիպ բացարկ փաստաբանը ներկայացրել էր նաև առաջին ատյանի դատարանում և կրկին մերժվել: Բացարկի հիմքն այն էր, որ դատախազը կանխակալ վերաբերմունք է ունեցել և կրոնական խտրականություն է դրսևորել հոգևոր հովվի նկատմամբ:
Դատական հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին:
Աղբյուրը՝ www.hra.am
