Վերջին հինգ օրում բանակում գրանցվել է 3 մահ

Հոկտեմբերի 13-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Իջևանի զորամասերից մեկում մահացել է 21-ամյա ժամկետային զինծառայող Արամ Աշոտի Մելքոնյանը: Նա ծառայության էր զորակոչվել 2011 թվականի գարնանը, Նոր Նորքի զինկոմիսարիատից:

ՊՆ քննչական վարչությունից www.hra.am -ին հաղորդեցին, որ դեպքի առթիվ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հովածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը: Պաշտոնական վարկածով զինվորը մահացել է իրեն ամրակցված զենքից որովայնի շրջանում հրազենային վնասվածք ստանալու հետևանքով:

Ձերբակալվածներ դեռ չկան:

Սա վերջին 5 օրերի ընթացքում բանակում գրանցված մահվան ելքով 3-րդ միջադեպն է:

Հոկտեմբերի 9-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով պաշտոնական վարկածով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը:

Իսկ հոկտեմբերի 12-ին ԼՂՀ ՊԲ նույն ուղղությամբ տեղակայված զորմասերից մեկի մարտական դիրքում իրեն ամրակցված զենքով պաշտոնական վարկածով ինքնասպանություն էր գործել մեկ ժամկետային զինծառայող՝ 1992թ. ծնված Յուրիկ Գևորգի Ներսիսյանը:

Բոլոր երեք դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110 հովածի 1-ին մասով: Նախաքննություն է ընթանում, ձերբակալվածներ դեռ չկան:

Աղբյուրը՝ www.hra.am