ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հարավային կովկասի կանաչները միավորվում են
Բնապահպանական հարցերով մտահոգ մի քանի ՀԿ-ներ և կուսակցությունների ներկայացուցիչներ միավորվել են «Հարավային Կովկասի կանաչներ-Հայաստան» հասարակական- քաղաքական նախաձեռնության շուրջ:
Վերջերս Վրաստանի Թելավի քաղաքում տեղի է ունեցել Հարավային կովկասի կանաչների համաժողով: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի՝ բնապահպանական հարցերով մտահոգ հասարակական և քաղաքական գործիչները քննարկել են համատեղ գործունեության ձևաչափը և հեռանկարները: Ընդունվել է Հարավային կովկասի կանաչների սկզբունքների մասին հայտարարություն, որը բխում է Եվրոպայի կանաչների միության սկզբունքներից:
Կանաչների տարածաշրջանային միություն ստեղծելու նախաձեռնությունը եղել է Վրաստանինը:
««Վրաստանի կանաչների կուսակցությունը» դեռ մեկ տարի առաջ առաջարկել էր մեզ, որպեսզի միավորվենք Հարավային կովկասի կանաչներով և մտնենք Եվրոպական կանաչների շարժման մեջ»,- www.hra.am -ին փոխանցեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը:
«Հարավային Կովկասի կանաչներ-Հայաստան» նախաձեռնության առաջին աշխատանքային հանդիպումը կայացել է հոկտեմբերի 11-ին, որին մասնակցել են Թելավիում կայացած համաժողովի մասնակիցները՝ «Էկոլուր», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ-ների, «Ժառանգություն» կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի էկոլոգիական հարցերով զբաղվող ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա գործունեության ձևաչափը և առաջնահերթությունները: Որպես առավել հրատապ քայլ որոշվել է համատեղ միջոցառումներ նախաձեռնել' ընդդեմ Սևանա լճի ավազանում Սոթքի ոսկու հանքավայրում իրականացվող ապօրինի շինարարության:
Ինգա Զառաֆյանի խոսքերով՝ նախաձեռնությունը դեռ ձևավորման փուլում է. մշակվում են համապատասխան փաստաթղթեր, հստակեցվում են անելիքները:
Հարավային Կովկասի կանաչների հայտարարության տակ ստորագրել են նաև Արցախի կանաչները: Հայտարարությունը բաց է տարածաշրջանի՝ բնապահպանական խնդիրներով մտահոգ հասարակական-քաղաքական կազմակերպությունների համար:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
