ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ես առաքելական եմ», դու՝ «քայքայիչ աղանդ»

- Մենք ո՞վ ենք,- բարձրախոսով հարցնում էր երիտասարդ աղջիկը:
- Հայ քրիստոնյա,- պատասխանում էին խմբված երիտասարդները:
- Այո', հայ առաքելական եկեղեցուն...:
- Այո' ...,- կրկնում էր խումբը:
Ինքնաճանաչողական այս երկխոսությունը տեղի էր ունենում հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, Սարյանի արձանի մոտ: Մի խումբ երիտասարդներ հավաքվել էին «Ես առաքելական եմ» գրությամբ վերնաշապիկներով և պաստառներով: Նրանք տարածում էին թռուցիկներ, որտեղ նշված էին մի շարք կազմակերպությունների անուններ՝ որպես հոգևոր թակարդներ, և խնդրանք հեռու մնալ «քայքայիչ աղանդներից»: Նախաձեռնությունը Երևանի հարավ-արևմտյան թաղամասի Սր. Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությանն էր:
Նրանք հավաքվել էին «բողոքելու ընդդեմ աղանդավորության ծավալած գործողությունների»: Հնչած կոչերից պարզ էր, որ նրանք ազգային անվտանգության խնդիր են տեսնում և որոշել են պետության պատասխանատուներին կոչ անել անտարբեր չլինել:
«Այսօր մենք՝ հայ քրիստոնյաներս, հավաքվել ենք այստեղ պաշտպանելու մեր զավակների կյանքի ու ազատության իրավունքները: Մեր բոլորի բողոքն այսօր մեկտեղվել է, դարձել մեկ ձայն, որն ուզում ենք վերջապես լսելի դարձնենք ձեզ՝ Հայաստանի Հանրապետության պատասխանատու պաշտոնյաներ, որպեսզի վերջապես նկատեք վտանգը»,- բարձրաձայնում էր նախաձեռնության անդամներից մեկը:
Մասնակիցների կարծիքով՝ եկեղեցին չի թուլացել, ուղղակի մարդիկ են խաբված, և կարողանում են նրանց հեշտությամբ խաբել, կեղծիքների միջոցով ներգրավել իրենց խմբերում, նաև որոշ աղանդներ ներկայանում են որպես հայ առաքելական եկեղեցուն կից եկեղեցիներ՝ խաբելով մարդկանց:
«Այսօրվա դրությամբ մեզանից ոչ ոք պաշտպանված չէ աղանադավորական քայքայիչ գործունեությունից, որովհետև վտագված են նույնիսկ մարդկանց կյանքեր, և շատ ցավալի է այսօրվա դրությունն ու մարդկանց անտարբերությունը»,- ասում է նախաձեռնության անդամ Կարինե Շահինյանը:
Այն, որ ՀՀ սահմանադրությամբ՝ յուրաքանչյուր ոք ունի խղճի և կրոնի ազատության իրավունք (ՀՀ սահմանադրություն, հոդված 26), և որ այս իրավունքը ներառում է կրոնը և համոզմունքները փոխելու ազատությունը, և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը, նախաձեռնության մասնակիցները կարծես թե տեղյակ էին, սակայն նրանք պնդում էին, որ «աղանդը հոգեորսություն է», և որ պետք է պատժելի լինի օրենքով:
«Բոլոր տեսակի աղանդները զբաղվում են հոգեորսությամբ: Խղճի և դավանանքի ազատություն կա, բայց չկա հոգեորսության դեմ օրենք: Հոգեորսություն բառը հենց ասում է՝ ինչ է նշանակում. մարդկանց խաբելու միջոցով են տանում: Իրենք թույլատրվում են, որպես խղճի և դավանանքի կառույցներ, բայց հոգեորսության մասին էնտեղ խոսք չկա: Հոգեորսության մասին օրենք չկա, սակայն բոլորն էլ զբաղվում են հոգեորսությամբ: Ես կողմ եմ որ հոգեորսությունը դառնա քրեորեն պատժելի»,- ասում է Կարինե Շահինյանը:
Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ազգային ժողով և ՀՀ նախագահի նստավայր՝ փոխանցելու հավաքագրված 34 հազար ստորագրությունները՝ անտարբեր չլինելու և հոգեորսությունը պատժելի դարձնելու խնդրանքով:
«Միացե'ք, մեր հակաաղանդավորական երթին»,- կոչ էր անում բարձրախոսը՝ երիտասարդ աղջկա պաթետիկ ձայներանգով:
Հ.Գ. ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ, որտեղ սահմանվում է հոգեորսությունը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվում է փոփոխություն՝ հոգեորսությունը քրեորեն պատժելի հանցանք դարձնելու վերաբերյալ: Այս օրենքի նախագծի վերաբերյալ փորձագիտական կարծիքի կարող եք ծանոթանալ այստեղ:
Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am
