Կալանավորվել է ժամկետային զինծառայող

Հոկտեմբերի 12-ին մահացած զինծառայող Յուրիկ Ներսիսյանի մահվան գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Մնացականյանին: Առաջադրված մեղադրանքում Ռ.Մնացականյանը իրեն մեղավոր է ճանաչել և տվել ինքնախոստովանական ցուցմունք. տեղեկացնում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:

2011թ. հոկտեմբերի 12-ին ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Յուրիկ Գևորգի Ներսիսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) նախատեսված հանցագործության հատկանիշներով հոկտեմբերի 17-ին մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Գրիգորի Մնացականյանին: Առաջադրված մեղադրանքում Ռ.Մնացականյանը իրեն մեղավոր է ճանաչել և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ռ.Մնացականյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը: Ռաֆիկ Մնացականյանը կալանավորված է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուրը՝ www.hra.am