Հանրային հեռուստաընկերությունն ու Եհովայի վկաները դեռ բանակցում են

Եհովայի վկաններն ընդդեմ Հանրային հեռուստաընկերության դատական գործը գտնվում է դադարի փուլում, քանի որ սկսել է բանակցային գործընթաց երկու կողմերի միջև։

Հիշեցնենք, որ 2010 թ. նոյեմբերի 8-ին մեծ աղմուկ բարձրացավ, երբ Սևանում իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանին սկսեցին մեղադրել Եհովայի վկա լինելու ու այդ պատճառով սպանությունը գործելու մեջ։

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանի պնդմամբ՝ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» և «Տեսանկյուն» հաղորդաշարերով հեռարձակվել է մի հաղորդում, ուր Եհովայի վկաների հասցեին հնչեցվել են վիրավորական և վարկաբեկող արտահայտություններ։ Իսկ Արամ Թորոսյանն իրականում իրենց շարքերից չէ, քանի որ հոգեպես անհավասարակշռված մարդ է։

«Տեսնակյուն» հաղորդման ընթացքում հաղորդավար Գևորգ Ալթունյանը նշել է, որ՝ սպանել էր ծնողներին, «քանի որ Եհովան էր այդպես հրամայել։ Համենայն դեպս՝ երիտասարդ մարմնում թաքնված այդ սատանայի ծնունդը հենց այդպես էր հիմնավորել իր արարքը»։

Ինչպես մեզ  հաղորդեց Տիգրան Հարությունյանը՝ իրենց 3 փաստաբանները ստացել են էլեկտրոնային նամակ, որով հեռուստաընկերության աշխատողները հայտնել են, թե պատրաստ են հերքել հրապարակած ինֆորմացիան եւ ներողություն խնդրել։

Հանրային հեռուստաընկերության շահերի պաշտպան Արա Զոհրաբյանը բոլորվին այլ բան փոխանցեց. Եհովայի վկաների փաստաբանն է իրենց մոտեցել ու առաջարկել համաձայնության գալ առանց դատարանի:

«Բայց այն տեղեկությունները, թե մենք առաջարկել ենք հրապարակավ ներողություն խնդրել ու նման բաներ, չեն համապատասխանում իրականությանը: Մենք դեռ շարունակում ենք բանակցել, բայց դեռ կոնկրետ ոչ մի բան չեմ կարող ասել»,- հայտնեց Զոհրաբյանը:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am