ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Արևորդի 3»-ը թողեց իր բնապահպանական հետքերը (վիդեո)

«Արևորդի» բնապահպանական միջազգային փառատոնն ավարտվեց «Խաղաղության այգի» արտ-նախագիծի արդյունքներով. հոկտեմբերի 19-ին Երևանի կենդանաբանական այգում ներկայացվեցին արտ-նախագիծի արդյունքները՝ քարից և փայտից կենդանիների քանդակներ, որոնք այսուհետ զարդարելու են կենդանաբանական այգին:
Այս նախագիծը նաև նվիրված էր Երևանի կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակին: Ծրագրին մասնակցում էին 5 արվեստագետներ 4 երկրներից. Թուրքիայից՝ Վեհբի Մանգտայը (Vehbi Mangtay), Բուլղարիայից՝ Ցվետանկա Կոյկովան (Tzvetanka Koykova), Չեխիայից՝ Հանուշ Լամրը (Hanus Lamr), Հայաստանից՝ Գոհար Կարապետյանն ու Դավիթ Նուբարյանը:
Չեխիան ներկայացնող Հանուշ Լամրը նշեց, որ բնապահպանական նկատառումներով է պատրաստել իր երկու կրիաներից կազմված արձանը, որոնք կերտել է հայկական քարերից: Նա առաջին անգամ է աշխատել հայկական տուֆով ու անչափ տպավորված է հայկական քարերով: Կարծում է, որ հետագայում անպայման շարունակելու է աշխատել հայկական քարերով:
Փառատոնի հիմնադիր և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ այդ քանդակները կարևոր կլինեն այգու երեխա այցելուների համար ու հատկապես այն երեխաների, ովքեր հետագայում դառնալու են հենց կենդանաբանական այգում 1 տարի հետո բացվող բնապահպանական քոլեջի սաները:
Հիշեցնենք՝ փառատոնի շրջանակներում մեկ օր առաջ էին հայտարարվել 30 երկրներից մասնակցած 32 մրցութային ֆիլմերի հաղթողները:
Մանկապատանեկան ֆիլմերի մրցութային ծրագրում գլխավոր մրցանակը ստացավ Նորատուսի էկոակումբի հայ սաների «Սոս Սևան» ֆիլմը: Եվս 4 ֆիլմ ստացան ժյուրիի հատուկ մրցանակ, որից երկուսը ևս հայ մանուկների աշխատանքն էին ներկայացնում՝ «Խաղեր փոշու հետ» և «Համաձայն չեմ»(Հայաստան), «Իսկ դուք վերաօգտագործու՞մ եք» (Իսպանիա), «Ֆանտաստիկ աշխարհ» (Իտալիա):
Բնապահպանական ֆիլմերի շարքում լավագույն ֆիլմ է ճանաչվել համաշխարհային տաքացման խնդիրները ներկայացնող Բրազիլական «Փշրված լուսինը» ֆիլմը: Ժյուրիի հատուկ մրցանակ ստացան «Սպառման համտես» (Գերմանիա) և «Անապատի դեմն առած մարդը» ֆիլմերը (Մեծ Բրիտանիա):
Վայրի բնության անվանակարգում հաղթող ճանաչվեց «Վայրի բնության պահապանը» ֆիլմը Սլովակիայից, որը պատմում է արջերի կյանքի մասին: Ժյուրիի հատուկ մրցանակներ են ստացել գերմանական «Ֆինլանդիա» և ավստրիական «Ռադիոակտիվ գայլեր» ֆիլմերը:
«Փառատոնի ընտրություն» կոչվող մրցանակը «Արևորդի» փառատոնի անունից հատուկ սահմանված մրցանակ էր, որը տրվեց ֆրանսիացի վավերագրող Պատրիկ Ռուսելին, ում «Green» (Կանաչ) ֆիլմն այս տարի բացեց փառատոնը: Ֆիլմը մի օրանգուտանի մասին է, ով մարդկանց հակաբնապահպանական քայլերի զոհն է դառնում:
Փառատոնի վերջին ֆիլմը եղավ ամերիկյան «Ծովախորշը»՝ աշխարհում տարեկան 20 հազարից ավելի դելֆինների սպանության և դելֆինների՝ առողջության համար վտանգավոր սնդիկ պարունակող միսը դպրոցականների սննդակարգում օգտագործելու մասին:
Այս ֆիլմով փառատոնի կազմակերպիչները նաև ուզում էին բարձրաձայնել տարբեր դելֆինարիաներում դելֆիններին ոչ ճիշտ պայմաններում պահելու մասին, որոնցից մեկն էլ գտնվում է Հայաստանում:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
