Նախարարի պատասխանը չի գոհացնում բնապահպաններին (վիդեո)

Մեծ Պարնի գյուղի մոտ գտնվող Թռչկանի ջրվեժը վտանգված չէ, ու մոտակայքում արդեն կառուցվող ՀԷԿ-ն իրականում չի ազդելու ջրվեժի վրա. այս մասին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության շենքի առջև «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խմբի բողոքի ակցիայի ժամանակ:

Ա. Հարությունյանը նշեց, որ «Ռոբշին» ընկերությունը գործում է օրենքի սահմաններում և նրանք ողջունում են արդեն սկսված շինարարական աշխատանքները: Նշենք, որ ըստ ecolur.org կայքի' ավելի վաղ Մեծ Պարնի գյուղի գյուղապետ Հրայր Յաղուբյանը հսկայական հողատարածքներ է վաճառել «Գլենդել Հիլզ» ընկերությանը և ոմն մեծահարուստ Ռոբերտ Օհանյանին: Այդ հողատարածքներում ներգրավված է եղել նաև Թռչկանի ջրվեժը:

Այս իրադրությունը չի բավարարում բնապահպան երիտասարդներին, ովքեր համոզված են, որ Թռչկանին սպասվում է Սյունիքի մարզում գտնվող Շաքիի ջրվեժի ճակատագիրը, որն այժմ դարձել է այսպես ասած «բացովի-փակովի» հենց մոտակայքում կառուցված ՀԷԿ-ի պատճառով:

«Մենք պատրաստվում ենք այցելել մոտակա գյուղեր ու անցկացնել հանրային քննարկումներ ու արդեն գիտենք, որ բնակիչները դեմ են արտահայտվել այդ գաղափարին»,- հայտնում է ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

Հոկտեմբերի 22-ին նրանք այցելելու են Թռչկան:

Հիշեցնենք, որ Թռչկանի ջրվեժը գտնվում է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի մոտ և իր բարձրությամբ երկրորդն է Հայաստանում:

Կարինե Իոնեսյան
Թռչկանի ջրվեժի նկարը' Էդգար Մարուքյանի
Աղբյուրը՝ www.hra.am