ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գանձապահին ու գլխավոր հաշվապահին նորից կանչել են դատարան
Հոկտեմբերի 24-ին դատարանը որոշեց նորից դատարան կանչել «Մոսկվա» կինոթատրոնի գանձապահին և հաշվապահին պարզելու համար, թե «Մոսկվա» կինոթատրոնից մեկ ու կես տարի առաջ արված գողության օրը ով է գրանցել ու ստորագրել տվյալները հաշվապահական գրանցամատյանում:
Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ (ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով): Նրանք կալանավորված են արդեն մեկ տարուց ավելի: Տղաները մեղադրվում են կինոթատրոնից 5 մլն ութսուն հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ: Քրեական գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր' Մխիթար Պապոյան):
Նախորդ դատական նիստի ժամանակ փաստաբան Տիգրան Սաֆարյանը միջնորդել էր անցկացնել կինոթատրոնի գանձապահի ձեռագրի դատաձեռագրաբանական փորձաքննություն: Հունվարի 4-10-ը գանձապահի գրառումներն արվել են մեկ մարդու կողմից, բայց փաստաբանի համար ակնհայտ է, որ ձեռագրերը տարբերվում են (կինոթատրոնում հաշվապահական գրառումները մինչև համակարգիչ մուտքագրելը կատարում են ձեռագրով, այս գրառումների արդյունքում է պարզվել, թե որքան գումար է կորել կինոթատրոնից):
Այսօր դատարանը որոշեց գլխավոր հաշվապահին՝ Նինա Ադոյանին և գանձապահ Կարինե Միսակյանին նորից քննել, որից հետո պարզ կդառնա` կբավարարվի դատաձեռագրաբանական փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը, թե՝ ոչ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
