Խախտումը կրկնելու դեպքում կզրկվեն երթուղու սպասարկման իրավունքից

Էջմիածին և Աբովյան քաղաքները սպասարկող փոխադրող կազմակերպությունները նախազգուշացվել են ուղևորափոխադրումներ չիրականացվելու համար։ Նախազգուշացման հիմք է հանդիսացել քաղաքացիների՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոկտեմբերի 6-ին ահազանգ է ստացել երեք քաղաքացիներից'  Էջմիածին-Երևան և Աբովյան-Երևան ուղղություններով ուղևորափոխադրումների դադարեցման վերաբերյալ. տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կարեի բաժինը։

Պաշտպանը գործադրել է տվյալ բողոքների պարագայում օրենքով վերապահված իր միակ լիազորությունը և պաշտոնական գրություն է ուղարկել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին: Կարեն Անդրեասյանը նախարարությունից պահանջել է ուսումնասիրել քաղաքացիների ներկայացրած տեղեկություններն ու դրանք հիմնավորվելու դեպքում հաստատված չվացուցակների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկել հրատապ միջոցառումներ:

Պաշտպանի գրությանն ի պատասխան նախարարի կողմից հաստատվել է ուղևորափոխադրումներ չիրականացվելու փաստը, որի  հետևանքով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից նախազգուշացվել են բոլոր (այդ թվում' Էջմիածին և Աբովյան քաղաքները սպասարկող) փոխադրող կազմակերպությունները: Միաժամանակ հայտնվել է, որ նախազգուշացումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում խախտումը չվերացնելու, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կզրկվի երթուղու սպասարկման իրավունքից:

Դրական գնահատելով իրավասու պետական մարմնի նման արձագանքը' Պաշտպանն այնուամենայնիվ մտահոգված է հանրապետական երթուղիներում հանրային տրանսպորտի աշխատանքի խափանման և ուղևորափոխադրումների խոչընդոտման նման դրսևորումներով և  առաջարկում է բոլոր փոխադրող կազմակերպություններին զերծ մնալ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացմանը խոչընդոտելու ցանկացած փորձից և օրենքով սահմանված պահանջների խախտումներից:

Պաշտպանը հիշեցնում է, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է ապահովել հաuտատված չվացուցակների պահանջների կատարումը և թույլ չտալ երթերի ձախողումներ, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումներ, ավտոտրանuպորտային միջոցների մատուցման ուշացումներ:

Աղբյուրը՝ www.hra.am